ԳլխավորԼուր

Ամռան շոգերին ընդառաջ Կասկադի մոտ ծառաջարդ է. Sputnik Արմենիա

Ծառահատում Երևանում

«Ծառը ենթակա է հատման և փոխարինման». այսպիսի գրությամբ թերթիկներ են փակցված Երևանի տարբեր փողոցներում` ծառերի վրա։ Այդ թերթիկներից կա ոչ միայն հաստաբուն, հին կամ հիվանդ, այլև ընդամենը մի քանի տարի առաջ տնկված ծառերի վրա։ Պատճառաբանվում է, որ դրանք բոլորը դեֆորմացված են և ոչ կենսունակ։ Հատումը սկսվել է այսօր Մոսկովյան փողոցից՝ Կասկադ համալիրին հարող տարածքից։ Sputnik Արմենիան այցելել է Կասկադ և տեղում ծանոթացել իրավիճակին։

Հատվել են մայթեզրին տնկված ծառերը, որոնց մի մասն անգամ չորացած չէին, պարզվում է` շուրջ 30 և ավելի տարեկան թեղիների փոխարեն սակուրաներ են տնկելու։ Նույն ճակատագիրն է սպասում նաև սրճարանների տարածքում եղած ծառերին։

Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային ծառահատումները բուռն քննարկումների և դժգոհությունների առիթ են դարձել երևանցիների շրջանում։ Կասկադի մոտ հավաքվել էին անհանգստացած բնակիչները, որոնք ցանկանում էին իմանալ, թե ինչ է կատարվում և ինչ է լինելու հետո։

«Ես այս տարածքում եմ ապրում, տարիներ շարունակ տեսնում եմ, որ այս ծառերը ծաղկում են։ Ովքե՞ր են այդ մասնագետները, որ որոշել են, թե այստեղի բոլոր ծառերը հատման ենթակա են։ Սա մարազմ ա։ Քաղաքի կենտրոնում, այս հատվածներում, որ սիրուն այգի է, սրճարաններ կան, շատ մարդիկ են լինում, ամառվա շեմին կտրում են ծառերը, որ մարդիկ շոգից մեռնե՞ն։ Քանի՞ տարի հետո են այդ փոքր ծառերը նույն էֆեկտը տալու»,– ասաց բնակիչներից մեկը` Սվետլանան։

Մեկ այլ քաղաքացի էլ ցավով նշեց, որ բնության մասնիկները կրճատվում են, ոչ հիվանդ ծառերն էլ են կտրում։ Ըստ նրա` հիվանդ ծառերը կարելի է կտրել, բայց միայն տեսքի համար բոլորը հատելը ճիշտ որոշում չէ։

Այս դժգոհություններին ի պատասխան քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, որը չներկայացավ, պնդեց` այդ տարածքի ծառերի 70 տոկոսը հիվանդ են, իսկ այժմ փոխարինվում են ավելի գեղեցիկ ու քաղաքին հարիր ծառերով։ Հարցին, թե ծառերն այնուամենայնիվ հիվանդ էին, որ հատում են, թե ուղղակի տգեղ տեսք էին հաղորդում Երևանին, քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց` հիվանդ էին, բայց գեղեցիկ տեսքը կարևոր է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։