ԳլխավորԼուր

Բացվել է «Թումո Գյումրի»-ի վերակառուցված շենքը

Գյումրիում տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված և «Թումո Գյումրի»-ի վերակառուցված շենքի բացման պաշտոնական միջոցառումը:

«Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում «Թումո» կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին՝ խոսքը 50 մլն դոլար արժողությամբ «Թումո Հայաստան» ծրագրի մասին է:

«Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 «Թումո» կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 «Թումո» տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու` ողջ երկրով մեկ: Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում «Թումո» կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս «Թումո» կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ու Էլի և Էլզիբեթա Աքիլյանները՝ յուրաքանչյուրը երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ»,- նշել Մարի Լու Փափազյանը՝ տեղեկացնելով, որ «Թումո» կենտրոններն ունեն բոլոր հարմարությունները կրթական ծրագրի կազմակերպման համար` ինքնուսուցում, դասընթացներ, ինչպես նաև աշխատարաններ միջազգային մասնագետների հետ:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, «Թումո Գյումրիի» շենքի դիմաց կկայանա բացօթյա համերգ: Համերգի ընթացքում Հասմիկ Պապյանի կատարմամբ կհնչեն հատվածներ «Անուշ» օպերայից, որի պրեմիերան տեղի է ունեցել այդ նույն շենքի բեմում դեռևս 1912 թվականին: Օպերային կատարումներին կհաջորդի «Բամբիռ» ռոք խմբի համերգը:

Հավելենք, որ այսօր նշվում է Գյումրիի օրը։

Ըստ «Արմենպրեսի»

Comment here