«Ուսանողի» բառարանԳլխավոր

«Ուսանող»-ի բառարան-5. կորոնավիրուսային

Դիմակով անցորդներ Երեւանում

Ձեռքսեղմում— 1.ոչ կրկեսային մահացու համար, 2.ժամանակակից տարբերակը՝ ոտքխփոցի կամ արմունկհպոցի

Դիմակ— 1.քթաբերանակալ պատնեշ՝ ընդդեմ վարակի, 2.«Նորաձեւություն-2020-ի» «Ձմեռ-գարուն» հավաքածուի պարտադիր բաղադրիչ

Ալկոգել— 1.արդեն նշանդրեքին կոնյակի փոխարեն դա են տանում, 2.ախտահանիչ նյութ, որը բոլոր խանութներում հենց նոր վերջացած է լինում

Սպիրտ— 1.չեղած տեղը՝ ալկոգել, 2.գնից դատելով՝ ոսկեջուր

Զուգարանի թուղթ— 1.նորօրյա պաշտամունքի առարկա, 2.ռուլետաձեւ փաթաթված թուղթ, որը կորոնաճգնաժամի օրերին վաճառվում էր մետրը 1 դոլարով

Կորոնավիրուս-վիրուսների «թագավոր ախպերը»

Հազ-թոքերի ցնցում, որի դեպքում թշնամական հայացքներից ավելի շուտ կարելի է մեռնել, քան ամենամահացու հիվանդությունից

Հեռահար ուսուցում— 1.դասախոս-ուսանող-ուսհաստատություն շղթայից երրորդ ավելորդին դուրս թողնելու միջոց, 2.դասավանդման անկոնտակտ-հարկադրված մեթոդ

Ինքնամեկուսացում— 1.պատժի տեսակ՝ ինքնաքննադատության եւ ինքնագնդակահարության միջեւ, 2.ինտրովերտների իրականացած երազանքը, 3.ընտանիքի անդամների հետ ծանոթանալու հնարավորություն

«Ֆեյսբուք»-Ցուկերբերգենց տղա Մարկի նվերն իր հայ ժողովրդին՝ ասել-խոսելու, բուժել-բուժվելու, ամուսնանալ-բաժանվելու, հեղինակավոր, թեկուզ՝ անհեղինակ կարծիք հայտնելու, նաեւ կենցաղային գործերի՝ ուղեղ լվանալու եւ գլուխ հարդուկելու համար

Comment here