Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք:
700 աշակերտ ունեցող դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Արդյունքում այսօր դպրոցը կարող է ընդունել մինչև 950 աշակերտ:
Վերակառուցման աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 1,4 մլրդ դրամ։
Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում ու հանդիսությունների դահլիճում, գրադարանում: Եռահարկ դպրոցն այսօր հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար. կառուցվել են թեքահարթակներ, տեղադրվել է վերելակ, հարմարեցվել են նաև պետքարանները:
Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում տանիքին տեղադրվել է արևային էներեգիայի համակարգ, որն ապահովելու է դպրոցի տաք ջուրը: Դպրոցի բակում էլ կառուցվել է նոր խաղադաշտ: Դպրոցն իրականացնում է 9-ամյա կրթություն:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։