ԳլխավորԼուր

Շառլ Ազնավուրի 101-ամյակ. ամփոփիչ նախագծային դաս՝ Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում

Ժաննա Անդրեասյանը Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված Շառլ Ազնավուրի 101-ամյակին:

Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ:

Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ, հաստատակամություն և նոր բարձունքներ կյանքի հաջորդ փուլերում: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է նաև Երևանի թիվ 168 դպրոցի ձեռարվեստի և նկարչության խմբակների աշակերտների աշխատանքներին, զրուցել երեխաների հետ:

Նշենք, որ մայիսի 23-ին՝ Վերջին դասի առիթով, Երևանի երաժշտական թիվ 13 դպրոցի նվագախումբը շրջելու է բացօթյա ավտոբուսով՝ շնորհավորելով տարբեր դպրոցների շրջանավարտներին: