ԳլխավորԼուր

Վրաստանում բարձրագույն կրթությունը պետական բուհերում դառնում է անվճար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ 2026թ.ուսումնական տարվանից նրանք, ովքեր կընդունվեն պետական բուհեր, կարիք չեն ունենա վճարել ուսման վարձը. ուսանողների ֆինանսավորումը պետությունն ամբողջությամբ իր վրա կվերցնի:

Կոբախիձեն ընդգծել է, որ դա շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից: Նա նշել է, որ «Վրացական երազանք»-ի կառավարման օրոք Վրաստանում նախադպրոցական կրթությունը ևս դարձել է անվճար, ինչպես և հանրակրթությունն է անվճար:

«Դրան գումարվում է կրթության երրորդ աստիճանը՝ բարձրագույն կրթությունը, որը նույնպես դառնում է ամբողջովին անվճար։ Հաջորդ տարվանից և հետագա տարիներին պետական համալսարաններ ընդունվող բոլոր ուսանողների համար ուսումը կլինի անվճար: Սա նշանակում է, որ մենք աստիճանաբար ամբողջությամբ անցնում ենք անվճար բարձրագույն կրթության։ Այս համակարգն ըստ տարիների վերջնականապես կներդրվի ուղիղ 5 տարի անց։ Արդեն հաջորդ տարվանից պետական բուհեր ընդունվողները ուսման վարձը վճարելու կարիք չեն ունենա, պետությունն ամբողջությամբ իր վրա կվերցնի համապատասխան ուսանողների ֆինանսավորումը։ Սա շատ կարևոր է, այդ թվում նաև սոցիալական տեսանկյունից։ Մեր առաջնահերթություններից է երիտասարդներին աջակցելը և նրանց նյութական վիճակի բարելավումը։ Այդ կապակցությամբ այս արտոնությունը շատ կարևոր կլինի ապագա ուսանողների համար», — եզրափակել է Իրակլի Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը որոշել է կրթական բարեփոխում իրականացնել. հոկտեմբերի 17-ին վարչապետ Կոբախիձեն հայտարարել էր, որ գործող կրթական համակարգը չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին և չափանիշներին, և որ «Վրացական երազանքը» «հավակնոտ նպատակ» ունի, որպեսզի Վրաստանում ուսանողները ստանան նույն մակարդակի կրթություն, ինչ արտասահմանում:

Ավելի ուշ հայտարարվեց, որ Վրաստանում ներդրվում է անվճար բարձրագույն կրթության համակարգ պետական համալսարաններում և ինստիտուտներում Վրաստանի քաղաքացիների համար։ 2026 թվականից աստիճանաբար կվերանա դրամաշնորհների տրամադրումը, իսկ  համալսարանները կանցնեն ամբողջական պետական ֆինանսավորման։

Դրամաշնորհային ֆինանսավորման ներկայիս մակարդակի պայմաններում պետական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները, անկախ նրանից, թե որ բուհ են ընդունվում, ունեն պետական ֆինանսավորում ստանալու հավասար հնարավորություններ:

«…Ոչ մի վաուչերային կամ դրամաշնորհային ֆինանսավորում այլևս չի լինի ոչ պետական, ոչ մասնավոր համալսարանների համար, որտեղ նախկինում հնարավոր էր դրամաշնորհ ստանալ … իրավիճակն այսպիսին է. պետական համալսարանները ներկայացնում են իրենց կարիքները, և մենք այդ կարիքներին համապատասխան հատկացնում ենք ֆինանսական հատկացումներ, որոնք կապված կլինեն ինչպես աշխատավարձերի, այնպես էլ նյութատեխնիկական բազայի ապահովման հետ և այլն»,-հայտարարել Է Վրաստանի կրթության նախարար Գիվի Միկանաձեն:

Փոխվում է իրավիճակը նաև օտարերկրյա դիմորդների համար. պետական բուհեր նրանք չեն կարող ընդունվել։ Այլ երկրների քաղաքացիները պետք է դիտարկեն մասնավոր համալսարանները, որտեղ ուսուցումը վճարովի է, թեև հնարավոր է ստանալ մասնակի ֆինանսավորում։

Հավելենք, որ Վրաստանում գործում է 19 պետական ու 45 մասնավոր բուհ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews