Մոսկվայի Գոլովինյան դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել ուսանող, ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչ Թրեվոր Ռիդին՝ անցած ամառ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դատարանը Ռիդին մեղավոր է ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության կիրառում», առավելագույն պատժաչափը՝ 10 տարվա ազատազրկում)։
Ուսանողը պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ռիդը, ժամանակավորապես բնակվելով Մոսկվայում, 2019-ի օգոստոսին փողոցում վիճաբանել է 2 կնոջ հետ, ապա վիճաբանությունը շարունակել դեպքի վայր ժամանած պարեկապահակային ծառայության աշխատակիցների հետ։
Իրավապահները որոշել են նրան ոստիկանության բաժանմունք տանել։ Ճանապարհին Ռիդը հարվածել է ոստիկաններից մեկին, ապա հարձակվել վարորդի վրա՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
Հանցանքի պահին ուսանողը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Դատավճռի հրապարակումից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, նա երդվել է այլեւս օղի չխմել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։