Նիգերիայի Կադունա նահանգում զինված ավազակախումբը հարձակվել է պետական քոլեջի հանրակացարանի վրա ու առեւանգել ուսանողների, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի անվտանգության ու ներքին գործերի նախարար Սամուել Արուվանին։
«Մոտավորապես 30 ուսանող աղջիկներ ու տղաներ անհետ կորել են»,-մեջբերում է նախարարի խոսքը Reuters-ը։ Արուվանը տեղեկացրել է, որ նիգերիական բանակայինները փրկել են քոլեջի 180 ուսանողի։ Այժմ իշխանությունները փորձում են ճշտել առեւանգվածների թիվն ու նրանց գտնվելու հավանական վայրը։
BBC-ն ականատեսներին հղում անելով տեղեկացնում է, որ առեւանգվածների թիվը կարող է հասնել 50-ի, բոլորը աղջիկներ են։ Նախնական տվյալներով՝ պետական անտառատեխնիկական քոլեջի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 11-ի ուշ երեկոյան։
Նիգերիայում նմանատիպ հարձակումները՝ աշակերտներին կամ ուսանողներին առեւանգելու, ապա փրկագնի դիմաց ազատ արձակելու նպատակով, վերջին ամիսներին հաճախակի են դարձել։
Փետրվարի 26-ին Զամֆարա նահանգի Ջանգեբե քաղաքի գիշերօթիկ դպրոցից առեւանգվել էին 279 աղջիկներ։ Բանակցությունների արդյունքում նրանք ազատ արձակվեցին մարտի 2-ին։ Իսկ Կացինա նահանգում 2020-ի դեկտեմբերի 11-ին գիշերօթիկ դպրոցից առեւանգվել էր 344 աշակերտ։
Փետրվարի 17-ին էլ Նիգերիայի արեւմուտքում գտնվող Կագարա քաղաքում մի խումբ զինված մարդիկ հարձակվել են պետական քոլեջի վրա եւ առեւանգել հարյուրավոր ուսանողների եւ դասախոսների։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։