ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակի և ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակի միջոցառմանը: Կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկել է նաև «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված վերոնշյալ հոբելյաններին:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ներկաներին հոբելյանների առիթով՝ ընդգծելով, որ այն նշանավորվում է միջազգային գիտաժողովի անցկացմամբ.
«Այս միջոցառումը բոլորիս համախմբել է մի հարթակում, որտեղ պատրաստվում ենք քննարկել մեր ժամանակի ամենակարևոր խնդիրները և դրանց լուծմանը միտված ջանքերը։ Սա լավագույն վկայությունն է այն ձեռքբերումների, որոնք արձանագրում է ֆակուլտետն իր գործունեության ընթացքում: Թերևս չափազանցություն չի լինի ասել, որ կենսաբանական գիտությունների կրթական և հետազոտական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքը մեր ամենաակտիվ գործող ուղղություններից է, և դա տեսանելի է գիտական հրապարակումներում, լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներում, ինչպես նաև կրթական գործընթացի ցուցանիշներում, որոնք վկայում են տարեցտարի այս ուղղությունների նկատմամբ աճող հետաքրքրության մասին: Այն տեսանելի է նաև իր միջազգային մասնակցությամբ. այսօր ֆակուլտետը հյուրընկալում է արտերկրի տարբեր հետազոտողների և ուսանողների, որոնք մաս են կազմում թե՛ կրթական, թե՛ հետազոտական գործընթացի»,-նշել է նախարարը:
Արդյունավետ գիտական գործունեության, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում կատարված մեծածավալ աշխատանքներում զգալի ներդրման համար, ինչպես նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյա և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյա հոբելյանների կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ոսկե մեդալներով են պարգևատրվել Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Թռչունյանն ու ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը։





