ԳլխավորԼուր

Վերանորոգումից հետո բացվել է Երևանի Կարմիր կամուրջը

Երևանի Կարմիր կամուրջը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո բացվել է, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Երևանի պատմական Կարմիր կամրջի բացմամբ ամփոփվել է նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ համագործակցության շրջանակում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը էապես մեծ ծավալով է իրականացնում հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքները՝ բազմապատկելով պետական բյուջեի հատկացումները:

«Մասնավոր հատվածին ներգրավելով հուշարձանների վերականգնման գործընթացում՝ նպաստում ենք նաև հուշարձանների հանդեպ հանրային վարքականոնի փոփոխմանը՝ հուշարձանների պահպանության հարցին ավելի պատասխանատվությամբ և խնամքով վերաբերելուն: Կարմիր կամրջի վերականգնումը դրա լավագույն օրինակներից է: Մենք ականատես ենք, թե ինչպես է Երևանի հնագույն կամուրջներից մեկը՝ որպես Երևանի պատմամշակութային ժառանգություն, հասանելի դարձել մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար՝ որպես հետաքրքիր ժամանցի և հանգստի հրաշալի միջավայր»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Երևանի պատմամշակութային ժառանգությունն ավելի տեսանելի և հասանելի դարձնելու նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվում․ Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում։

Անդրադառնալով օրվա շրջանակում Եվրոպական ժառանգության օրերի ամփոփմանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս միջոցառման շուրջ ջանքերի համախմբումը ցույց է տալիս, որ հայկական մշակութային ժառանգությունը ընդհանուր համաշխարհային ժառանգության մաս է, որտեղ մեր մշակույթն իր ուրույն դիմագիծն ունի:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև համերգ՝ Jam session ձևաչափով:

«Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Հուշարձանը վերականգնվել է 2024-2025 թթ. բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով` պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը:

Այն հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5 մ լայնություն։

Միմյանց կապելով Հրազդանի կիրճի ափերը՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր:

Այն ունեցել է ռազմավարական նշանակություն․ վրայով անցել են առևտրային քարավաններ, բեռնված սայլեր, կենդանիներ, զինվորներ ու հեծելազոր` տեղափոխելով հրետանի ու այլ ռազմամթերք:

Կամուրջը 10-13-րդ դարերի կառույց է, սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով: Իր գոյության ընթացքում կառույցը պարբերաբար վնասվել է երկրաշարժերից և պատմական տարբեր փուլերում տեղի ունեցած իրադարձություններից։

1679 թվականի ուժգին երկրաշարժից հետո կամուրջը հիմնովին վերակառուցվել կամ կառուցվել է՝ մեծահարուստ վաճառական, քանաքեռցի բարեգործ Խոջա Փլավի (իրական անունը՝ Հակոբ) հովանավորությամբ: Այս հանգամանքով պայմանավորված՝ կամուրջը երբեմն անվանում են Խոջա Փլավի կամուրջ, իսկ «Կարմիր» է կոչվել դրանում օգտագործված թրծված աղյուսի ու կարմիր տուֆաքարերի գունային երանգների համար:

1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։ 1796 թ. պահպանված նկարում կամուրջը արդեն ունի 4 բացվածք` 2 մեծ կենտրոնական և մեկական փոքր՝ եզրերում: Խորհրդային ժամանակաշրջաններին վերաբերող լուսանկարներում կամուրջն արդեն ունի 2 մեծ կենտրոնական բացվածքներ և եզրային խուլ ամրաշինական հենապատեր:

Վերակառուցման և հիմանանորգման աշխատանքներ են արվել 1830-ական, 1960- ական թվականներին, որոնց ընթացքում կամրջի երկու եզրերում ամրաշինական նպատակներով ավելացվել են բազալտե հենապետեր:

Հետագայում՝ 1980-ականներին իրականացված վերականգնման աշխատանքներն անավարտ են մնացել: Մինչ 2024-2025 թթ. ամբողջական վերականգնումը՝ պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը և հյուսիսային խուցը․ կամուրջն ըստ էության ավերված էր և ուներ հրատապ վերականգնման կարիք։