«OpenAI»-ը (ՕփենԷյԱյ) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել են նոր համագործակցություն, որի նպատակն է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով հիմնարար փոփոխություններ կատարել երկրի կրթական համակարգում: Այս համագործակցության շրջանակում Հայաստան է ժամանել «OpenAI» միջազգային թվային հարթակի պատվիրակությունը՝ ներկայացնելու «ChatGPT Edu» գործիքը, հայտնում են ԵՊՀ-ից։
«OpenAI» միջազգային թվային հարթակի պատվիրակությունը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակության այցը միտված է Հայաստան-«OpenAI» կրթական գործընկերության զարգացմանը՝ նպատակ ունենալով խթանելու դասավանդողների կարողությունների զարգացումը։
Համալսարանում տեղի ունեցած հանդիպումները նվիրված էին ՀՀ բուհերում «ChatGPT Edu» հարթակի ներդրման գործնական քայլերին, բուհական համակարգի պատրաստվածությանը, ինստիտուցիոնալ դերերի բաշխմանը, տեխնիկական կարգավորումներին, վերապատրաստումների կազմակերպմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության, հետազոտության և ակադեմիական կառավարման նոր հնարավորություններին։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ «OpenAI»-ի կրթական փաթեթը՝ «ChatGPT Edu»-ն, ձեռք է բերվել ՀՀ բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների համար՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում:
«ChatGPT Edu» հարթակը կրթական հաստատությունների համար նախատեսված հավելված է, որը դպրոցներին և բուհերին հնարավորություն է տալիս կիրառելու արհեստական բանականության առաջադեմ գործիքներ՝ ապահովելով տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներ։ Բարձրագույն կրթության համակարգում հարթակից օգտվելու հնարավորություն կունենան թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, իսկ հանրակրթության ոլորտում՝ ուսուցիչներն ու ավագ դպրոցների սովորողները։
Այս նախաձեռնության շրջանակում շահառուները հնարավորություն կստանան օգտվելու «ChatGPT Edu»-ից՝ «ChatGPT»-ի հատուկ կրթական տարբերակից։ Ծրագրի առաջին փուլը կանցկացվի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, ինչից հետո նախատեսվում է ծրագրի շարունակական ընդլայնում։ Ներկայացնելով բարձրագույն կրթության համակարգում հարթակի փուլային ներդրման մոտեցումները, ծրագրի կառավարման կառուցվածքը, բուհերի ներգրավման ձևաչափերը և հաջողության հիմնական նախապայմանները՝ «OpenAI»-ի ներկայացուցիչները նշեցին, որ նպատակը ոչ միայն տեխնոլոգիայի տրամադրումն է, այլև ԱԲ գրագիտության բարձրացումը և Հայաստանը՝ որպես ոլորտի առաջամարտիկ, աշխարհին ներկայացնելը։
Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքները շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն կստանան ԿԳՄՍՆ-ի, «OpenAI» և «Firebird» ընկերությունների համագործակցության արդյունքում։ Մինչև սեպտեմբեր կկատարվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները և կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելով գործընթացի անխափան մեկնարկը նոր ուսումնական տարվանից։
«OpenAI» միջազգային թվային հարթակի պատասխանատու Ալինա Լեոնի խոսքով՝ ծրագրի իրականացման համար բուհերում կձևավորվեն մասնագիտացված թիմեր, իսկ տեխնիկական աջակցությունը կապահովվի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ սերտ համագործակցությամբ։ ԿՏԱԿ-ը կապահովի տեխնիկական և վարչական աջակցություն՝ ներառյալ օգտատերերի մուտքը հարթակ իրենց ուսանողական էլհասցեներով։
«OpenAI»-ի ներկայացուցիչների խոսքով՝ կազմակերպությունը հասանելիություն կապահովի նաև «OpenAI Academy»-ին, որտեղ հասանելի կլինեն վիդեոդասեր, ուղեցույցներ և վեբինարներ։ Դասախոսները կսովորեն օգտագործել «ChatGPT»-ն դասերի պլանավորման, հետազոտությունների և աշխատանքի ավտոմատացման համար, իսկ ուսանողները կկարողանան զարգացնել իրենց ակադեմիական հմտությունները:
Դասախոսների, վերապատրաստողների և ուսուցիչների հետ ևս անցկացվել է աշխատանքային հանդիպում, որը նպատակ ուներ զարգացնելու կրթական գործընթացում արհեստական բանականության, հատկապես «agentic AI» գործիքների կիրառման կարողությունները։
Քննարկման առանցքում էր ոչ միայն «ChatGPT Edu» և «Codex» հարթակների գործառնական հնարավորությունների ներկայացումը, այլև այն, թե ինչպես կարող են դասախոսներն ու վերապատրաստողները դրանք վերածել ուսուցման, հետազոտության, ուսումնական նյութերի մշակման և ուսանողների հետ աշխատանքում կիրառելի գործիքների։
Հանդիպման ընթացքում կարևորվել է բուհերում և դպրոցներում «առաջամարտիկների»՝ «champion»-ների ցանցերի ձևավորումը, ինչպես նաև «վերապատրաստողի վերապատրաստում» («train-the-trainer») մոդելի արդյունավետ կիրառումը։
«OpenAI»-ի թիմը հանդիպում է ունեցել նաև բուհերի ՏՏ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են, օրինակ, «ChatGPT»-ի ինտեգրումը «Excel» կամ «PowerPoint» ծրագրերին: Հանդիպումներ են անցկացվել նաև բուհերի ծրագրերի համակարգողների և ուսանողների հետ:
Աշխատանքային քննարկումների շրջանակում նախատեսվում է պաշտոնապես մեկնարկել «Education for Countries» ծրագրի առաջին տարվա իրականացումը՝ սահմանելով կառավարման մեխանիզմները, հաջողության գնահատման չափորոշիչները և «OpenAI»-ի աջակցությամբ մշակված ներդրման ճանապարհային քարտեզը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։
«OpenAI»-ի թիմը պլանավորում է պարբերաբար այցելել Հայաստան, անցկացնել հաքաթոններ և աշխատաժողովներ՝ տեղում ծանոթանալու կրթական հաստատությունների պահանջմունքներին:
Այցի շրջանակում «OpenAI»-ի ներկայացուցիչները ճանաչողական այց են կատարել նաև ս.թ. հունվարին ԵՊՀ-ում պետական ֆինանսավորմամբ գործարկված գերհամակարգչային կենտրոն, ծանոթացել են ԵՊՀ-ում գործող արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտներում գիտական հետազոտություններ կատարող «YerevaNN» լաբորատորիայի աշխատանքներին։ Բացի դրանից՝ պատվիրակությունը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում ծանոթացել է հնատիպ գրքերի եզակի նմուշներին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews









