ԳլխավորԼուր

ՀՖՀՀ-ի ուսանող Արմեն Հակոբյանը զոհվել է ռազմաճակատում

Զոհվել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի առաջին կուրսի ուսանող Արմեն Հակոբյանը, հայտնում են բուհի ֆեյսբուքյան էջում։

«Մեծ վշտով տեղեկացանք ՀՖՀՀ-ի ուսանող զինվորի՝ ռազմաճակատում զոհվելու մասին։ Արմեն Հակոբյանը՝ ծնված 2003թ․-ին, ընտրել էր ՀՖՀՀ-ն ինֆորմատիկա սովորելու համար, մեկ կիսամյակ սովորելուց հետո մեկնել էր զինվորական ծառայության։

ՀՖՀՀ ողջ համայնքը ցավում է Արմենի մահվան համար։

Մտովի նրա ընտանիքի և ընկերների հետ ենք»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ունի 135 զոհ։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել, որը վերջին օրերին պարբերաբար խախտվում է։

Սեպտեմբերի 23-ի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 133 (32, 95, 6) զինծառայողի մարմին, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: