ԳլխավորԼուր

Ծառատունկը՝ որպես կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառում

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը։

Միջոցառման նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը:

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը եւ այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման եւ տնկման, ինչպես նաեւ ցանկապատման աշխատանքներ։

Միջոցառման շահառու են ՀՀ այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ։

Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման եւ տնկման համար։

Բնակչությունը կներգրավվի նաեւ ցանկապատման աշխատանքներին։

Comment here