Հայ քաղաքական, հասարակական գործիչ, 1921-1922 թվականներին Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի (հունվարի 28 (փետրվարի 9), 1886 — մարտի 22, 1925) ծննդյան օրն է։
Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում՝ հայ վաճառականի ընտանիքում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում։
1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։
Ճեմարանն ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որտեղ դառնում է Ուսանողական միության ակտիվ անդամներից։ Ուսանողական-քաղաքական շարժումներին ակտիվ մասնակցության պատճառով հեռացվում է համալսարանից ու վտարվում Մոսկվայից։ Համալսարանը նա ավարտում է, երբ լրանում է վտարման ժամկետը, ու նա վերադառնում է Մոսկվա։
1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։
Ընտրվել էր Բելառուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։
Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (համապատասխանում է ժամանակակից վարչապետին) և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։
Պայքար անգրագիտության դեմ
Դեռևս ուսանողական նստարանից ունենալով անմիջական կապ հայ գրականության և արվեստի գործիչների հետ և հանդես գալով մի շարք հրապարակումներով ՝ Մյասնիկյանը Խորհրդային Հայաստանի շինարարությունը սկսել է հենց մշակութա-լուսավորչական աշխատանքներով։
Նրա առաջին քայլերն ուղղված էին անգրագիտության դեմ պայքարին, այն իսպառ վերացնելուն։ Այսպես, 1921թ. սեպտեմբերի 9-ին հատուկ դեկրետով սահմանվում էր, որ «անգրագետ և կիսագրագետ 16-50 տարեկանները պարտավոր են մայրենի լեզվով գրագիտություն սովորել հատուկ դպրոցներում», իսկ դրան խանգարող պաշտոնատար անձինք ենթակա են քրեական պատասխանատվության։ Դժվարագույն և գրեթե աննկարագրելի աշխատանքի արդյունքում անգրագիտությունը հիմնականում վերացվեց, այդ թվում ՝ ի հաշիվ հայոց գրերի և գրականության հանդեպ ավանդական սիրո: Այսպես, արդեն 1939թ. գրագետ էր ՀԽՍՀ բնակչության 84% — ը (1897թ.՝ մոտ 10%)։
Դպրոցաշինությունը
Դպրոցական շենքերի մասին դեկրետով նրանք ազատվել են ցանկացած տեսակի օտարումից։ Սկիզբ դրվեց դպրոցական ցանցի ստեղծմանը, սկսվեց դպրոցների նյութական բազայի բարելավումը, կարևորվեց մանկավարժական կադրերի պատրաստումը, բարելավվեց նրանց ֆինանսական վիճակը: Մասնավորապես, նա մարզային գործկոմներին հրահանգել է իրենց հաշվին, պետծառայության պլանով, ապահովել ուսուցիչներին։ Այս առումով Մյասնիկյանը շատ դիպուկ բնորոշում էր տվել. «Առանց ուսուցիչների ապահովման մենք չենք ունենա ոչ դպրոց, ոչ ուսում, ոչ ուսուցիչների կազմ և պատրաստ բանակ»։
Ցմահ կենսաթոշակներ՝ գրականության և արվեստի գործիչներին
Մյասնիկյանն առանձին ուշադրությամբ և հոգատարությամբ շրջապատեց գրականության և արվեստի գործիչներին։ Թե Երևանում, թե Թբիլիսիում եղած ժամանակ նա սերտ կապեր է պահպանել գրողների և արվեստագետների հետ։ Հատկանշական է, որ նրանցից ստացված նամակների մեծ մասում նրանք կամ օգնություն են խնդրում, կամ շնորհակալություն հայտնում: Որպես վառ օրինակ նշվում է Հովհ.Թումանյանը.
«Իմ ազնիվ բարեկամ, Ալ. Ֆյոդորովիչ, մինչև օրս չեմ կարողացել այնքան լավանալ, որ դուրս գամ տնից և անձամբ իմ երախտագիտությունը հայտնեմ ձեզ իմ հիվանդության ժամանակ մեր կառավարության ցուցաբերած վերաբերմունքի համար։.. Եվ հիմա, իմանալով իմ հանգամանքների մասին, երբ դուք կրկին մտահոգված եք իմ խնդրով, ես լիովին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ»:
Մյասնիկյանը հատկապես ջերմ հարաբերություններ է ունեցել Եղիշե Չարենցի հետ, որի գրական կայացմանը մշտապես նպաստել և հովանավորել է: Հենց նրա շնորհիվ է Չարենցը մեկնել արտասահման։ Մյասնիկյանի հիշատակին է նվիրված Չարենցի «Կոմունարների պատը Փարիզում» պոեմը:
Սերտ էին կապերը նաև Ռոմանոս Մելիքյանի և Մարտիրոս Սարյանի հետ։ Մյասնիկյանի առաջարկով և հովանավորությամբ նկարչի պատրաստած Անդրկովկասյան Դաշնության զինանշանի և դրոշի նախագիծն արժանացել է Գրան պրիի: Իսկ Վահան Տերյանն ընդգծում էր, որ իր ստեղծագործությունների առաջին ընթերցողն ու քննադատը Մյասնիկյանն էր։
Հենց Մյասնիկյանի ջանքերով է Տերյանի արխիվը նրա մահից անմիջապես հետո Մոսկվայից տեղափոխվել Երևան: Նույնը վերաբերում է Մոսկվայից Էջմիածնի ձեռագրերի վերադարձին (պատերազմի պատճառով Մոսկվա տեղափոխված) ։
Արդեն 1921թ. սեպտեմբերի 27-ի որոշմամբ ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ նշանակվել են ցմահ կենսաթոշակներ Հովհ. Թումանյանին, Դ. Դեմիրճյանին, Ա. Հակոբյանին, Լեոյին, Նար-Դոսին, Շ. Կուրղինյանին, դերասաններ Ա. Աբելյանին, Սիրանույշին, Զարիֆյանին, Ես. Ալիխանյանին, Հ. Մանսուրյանին, Մ.Մանվելյանին, նկարիչներ Գ. Բաշինջաղյանին, Ե. Թադևոսյանին, Մ. Սարյանին։ Այդ նպատակով լուսավորության ժողովրդական կոմիսարիատում ստեղծվեց գրական և գեղարվեստական հիմնադրամ, որը նախատեսված էր լուծելու արվեստի գործիչների նյութական աջակցության, կյանքի և հանգստի խնդիրները:
ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի կրթաթոշակներով արտերկիր սովորելու համար ուղարկվել են շնորհալի կադրեր, բայց վերադառնալու անպայման պայմանով: Այսպես, Մյասնիկյանի ջանքերով ԱԺԽ-ն որոշեց գումար հատկացնել Վիկտոր Համբարձումյանի ՝ Լենինգրադում ուսանելու համար։
ԵՊՀ-ի զարգացումն ու բուհական համակարգի ստեղծումը
Նա մեծ կարևորություն է տվել Երևանի պետական համալսարանի զարգացմանը։ Հետագայում հենց ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների հիման վրա ստեղծվեց բուհական համակարգ՝ պոլիտեխնիկական, մանկավարժական, բժշկական, գյուղատնտեսական ինստիտուտներ։ Արդյունքում ՀԽՍՀ-ն ԽՍՀՄ-ում մշտապես առաջատար է եղել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների թվով ։ ԵՊՀ-ն դարձել է նաև գիտության զարգացման հիմքը: 1921թ. Էջմիածնում հիմնադրվել է պատմամշակութային ինստիտուտը, որը 1925թ. վերակազմավորվել է գիտության և մշակույթի ինստիտուտի: Այդ հաստատության ողնաշարը կազմել են հենց Մյասնիկյանի «հայտնաբերած» այնպիսի հայտնի գիտնականներ, ինչպիսիք են Ա.Մանանդյանը, Լեոն, Ռ. Աճառյանը, Գր. Ղափանցյանը, Մ. Աբեղյանը, Ալ.Թամանյանը, Տ. Թորոմանյանը։
Մյասնիկյանը մեծ ուշադրություն էր դարձնում հայերենի՝ որպես պետական լեզվի համընդհանուր կիրառմանը։
Արմատական տնտեսական քայլեր
Նրա անմիջական ջանքերով ու ղեկավարությամբ Հայաստանի քայքայված տնտեսությունը սկսում է վերականգնվել։ Նա սկսում է ՀԽՍՀ տնտեսության արմատական վերակառուցման գործընթացը ՝ այն դարձնելով ագրարային-արդյունաբերական երկիր։
Նրա մահից ընդամենը երեք տարի անց ՝ 1928թ., ՀԽՍՀ արդյունաբերական արտադրությունը հասավ նախապատերազմական մակարդակին, իսկ գյուղատնտեսության ծավալը գերազանցեց նրան, դրվեցին քիմիական, մետալուրգիական արդյունաբերության զարգացման և էլեկտրաէներգիայի արտադրության զարգացման հիմքերը:
Ի հակառակ Ստալինի. դեմ էր Արցախն Ադրբեջանին հանձնելուն
1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։
Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից։ Կա տեսակետ, որ ավիավթարը կազմակերպված է եղել Բերիայի կողմից։