Ինչու է բոլորին թվում, թե իրենց անձրեւն ուրիշ է, իրենց աշունն էլ է ուրիշ, ու ընդհանրապես իրենց զգացածն ուրիշ է՝ ավելի վառ կամ ուժեղ, սրտամոտ կամ հարազատ… ուրիշ՝ մի խոսքով։
***
Անձրեւը գնալով վարարում էր, բայց կանգառում կանգնած այն երկուսի համար լավ էր. փոքրիկ անձրեւանոցի տակ պատսպարված՝ նրանք իրենց անկյունն էին գտել՝ մնացած աշխարհից առանձնացած, պարփակված, անձրեւի պատով պաշտպանված հայացքներից, քննադատություններից, մարդկանցից։ Աղջիկն անընդհատ խնդրում էր տղային, որ ավելի շատ մտնի անձրեւանոցի տակ, տղան չէր լսում, քանի որ աղջկան քիչ տեղ կմնար ու կթրջվեր մի քիչ։ Բայց երբ աղջիկը ավելի մոտեցավ, որ երկուսին էլ տեղ լինի, բոլոր խոսակցությունները դադարեցին, կասկածներն ու ամոթխածությունը չքացան, լռեցին մտքերը. նույնիսկ անձրեւի ձայնն անջատվեց անտեսանելի կոճակի մի հպումով։ Միայն երկու սրտի զարկերն էին դղրդում, ու միայն կիսաթաց զգեստից բարձրացող ջերմությունն էր ու մարմնի բույրը։
…Երթուղային տաքսին այնքան շուտ եկավ հակառակի պես… Օդում մնաց միայն «Մինչ վաղը»՝ աղջկա ձայնով, ու անձրեւափոշին։
***
10 ամիս անց աղջիկն ամուսնացավ։ Նրա ամուսինն անձրեւ չէր սիրում, քանի որ կեղտոտվում էր թանկարժեք ավտոմեքենան։
Ա. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։