ԳլխավորԼուրՀայաստանս

Ավելի վաղ էր պարզ, որ 86,6 հազար ք/կմ -ը ներառում է Արցախը, ինչո՞ւ հիմա նոր աղմուկ բարձրացավ. քաղաքագետ

Արցախ, դրոշ, տոն

Պարտադիր չէր, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասեր, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, որպեսզի նման մեծ աղմուկ բարձրանար. մինչ այդ էլ, երբ նա խոսում էր Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքի և Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքի մասին, արդեն պարզ էր` ինչի մասին է խոսքը. Usanogh.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը`անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այսօր արած պարզաբանմանն այն մասին, թե ինչ է նշանակում, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով:

Քաղաքագետն անդրադարձավ վարչապետի հայտարարությունների իրավական հնարավոր հետևանքներին.

«Եթե կնքվի որևէ պայմանագիր, և ՀՀ-ն իրականում ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, կնշանակի, որ Փաշինյանի խոսքերը կապիտալիզացվում են, և ՀՀ-ի համար ստեղծվում է միջազգային պարտավորության որոշակի դաշտ, իսկ եթե Ադրբեջանի հետ չկնքվի որևէ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, որը հենված կլինի փոխադարձ տարածքների ճանաչման վրա, ապա այս դեպքում հռետորաբանության մակարդակում է պարբերաբար հիշեցվելու, որ ՀՀ իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն` սա առնվազն դեկլարատիվ հայտարարություն է, որը քաղաքական հռետորաբանության մակարդակում կարող է օգտագործվել մեր դեմ»:

Քաղաքագետը նկատում է, որ եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, հաջորդ իշխանությունը կարող է հրաժարվել ճանաչել այս գործընթացը. «Միջազգային իրավունքը շատ հստակ մեկնաբանում է, որ այն պայմանագրերը, որոնք կնքվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո, չեն կարող վավերական լինել: Այս պարագայում Ադրբեջանը ոչ միայն ուժի սպառնալիքի ներքո է Հայաստանին ստիպում ինչ-ինչ գործողություններ կատարել, այլև ուժի ուղիղ կիրառման միջոցով Հայաստանին նաև հռետորաբանության մակարդակում ստիպում է գնալ ինչ-ինչ գործողությունների, որոնց հավասար պայմանների դեպքում ՀՀ-ն հավանաբար չէր գնա»:

Արա Պողոսյանի խոսքով` ապագա պայմանագիրը լինելու է չափազանց խոցելի, և, ըստ նրա, սա հասկանալով է, որ Ադրբեջանում այսօրվանից փորձում են հնարավոր բոլոր հենքերը ստեղծել, որ ՀՀ-ն ապագայում կենսունակությունը վերականգնելու հնարավորություն չունենա: