ԳլխավորԼուր

«Անօժիտը». ԱրՊՀ-ում գրական դատ էր

«Անօժիտը». ԱրՊՀ-ում գրական դատ էր

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական դատ` Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» պիեսի հիման վրա, հայտնում են բուհից:

Ուսանողները վերլուծել, պաշտպանել, քննադատել են պիեսի հերոսների արարքները` մարմնավորելով դատավորի, դատապաշտպանի, փաստաբանի, վկայի, հայցվորի, պատասխանողի դերերը:

Միջոցառմանը մասնկացում էին դասախոսներ, ուսանողներ:

«Գրական դատը հնարավորություն է տալիս ուսանողներին խորությամբ ուսումնասիրելու թեման, դրսևորելու իրենց ստացած գիտելիքները, վերլուծական կարողությունները, հանրային ելույթով հանդես գալու հմտությունները։ Մենք դասին կիրառում ենք տարբեր մեթոդներ՝ բրեյն-ռինգ, գրական դատեր, որոնք նպաստում են դասի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Նունե Առաքելյանը` հավելելով, որ այն նպատակ ուներ նաև հետաքրքիր դարձնել ուսանողների առօրյան, իսկ ուսուցման գործընթացը՝ բազմազան։

Ռուս հայտնի դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու ստեղծագործությունները մինչ այժմ չեն իջնում աշխարհի շատ հայտնի թատրոնների բեմերից: Նրա բազմաթիվ գործեր դարձել են դրամատուրգիայի գլուխգործոցներ: Այդպիսին է նաև «Անօժիտը» ստեղծագործությունը:

Ուսանողների կարծիքով՝ նմանատիպ գրական դատերը նպաստում են մատուցվող նյութերը ավելի հեշտ ըմբռնելուն և հնարավորություն ընձեռում խորապես ծանոթանալու ռուս գականության լավագույն ստեղծագործություններից մեկին: