Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում թանգարանների միջազգային օրը բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ 18-20-րդ դդ. ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայ-չինական գործընկերության կենտրոնի, Երևանի պատմության թանգարանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիանի թանգարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն։
Բացմանը ներկա են եղել պաշտոնական հյուրեր, արվեստագետներ, մշակույթի գործիչներ։ Ցուցահանդեսի օրական այցելուների թիվը գերազանցել է 10000-ը:
Բացման արարողությունից հետո Երևանի պատմության թանգարանի փոխտնօրենը երկժամյա դասախոսությամբ ներկայացրել է Հայաստանի և մայրաքաղաքի պատմությունն ու մշակույթը։
Նշենք, որ Չինաստանում հայկական մշակույթի ցուցադրությունները մեկնարկել էին դեռևս հունվարին՝ Նինբոյի թանգարանից։
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 18-ը։