ԳլխավորԼուր

Ո՞ր դասախոսներն են պաշտպանում ուսանողների դասադուլը

Դասախոսներ

Մի շարք բուհերի դասախոսներ հանդես են եկել հրապարակային հայտարարություններով` նշելով, որ կողմ են և աջակցում են ուսանողների դասադուլին:

Իրավաբանական գիտությունների թեկնածուներ Արսեն Թավադյանը և Ռուբինա Պետրոսյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրել են, որ ուսանողների կողքին են. «Որպես ԵՊՀ դասախոս ամբողջությամբ և անվերապահ կողմ եմ ուսանողներիս դասադուլին»,-գրել է Թավադյանը: Ռուբինա Պետրոսյանն էլ նշել է. «Լիովին և անվերապահ սատարում եմ ուսանողներիս դասադուլը: Հայրենիքից ու պետականությունից վեր ոչինչ չկա»:

ԵՊՀ դասախոս, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ևս արձագանքել է դասադուլին. «Կարծում եմ` ավելորդ է ասել, որ լիովին աջակցում եմ ուսանողներիս դասադուլին»:

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Իզաբելլա Աբգարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուսանողներ ջան, միշտ եղել եմ ըմբոստ ու պայքարող: Սիրում եմ պայքարող երիտասարդի տեսակը: Բայց ձեր ուժը օրենքի շրջանակում մնալն ա, խաղաղ ցույց անելն ա: Մի տրվեք սադրանքների, մի գնացեք բախումների, մի դիմադրեք, երբ ձեզ բերման են ենթարկում: Այդպես ավելի բազմաթիվ ու միասնական կլինեք: Ես գիտեմ՝ ինչ է արթնանում, երբ տեսնում ես կողքինիդ հարվածեցին կամ տարան: Գիտեմ՝ ոնց է սկսում եռալ արյունը և պատասխան տալու ցանկությունը: Բայց նաև գիտեմ, որ ով չի դիմանում, չի կարողանում զսպել իրեն, հենց ինքն է դուրս մնում պայքարի շարքերից՝ ոստիկանության բաժանմունքում կամ հիվանդանոցում հայտնվելով: Անփորձանք եղեք»:

Usanogh.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել, և այդ շրջանակում հայաստանյան մի շարք բուհերում դասադուլներ են։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ