Փակ ճանապարհների և ձնաբքի պատճառով Գորիսի քննական կենտրոն չհասած և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը բաց թողած սիսիանցի դիմորդների համար նոր քննություն կկազմակերպվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
«Քննությունը կանցկացվի փետրվարի վերջին, որ իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով բացակայած դիմորդները ևս կարողանան օգտվել 2 անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունից»,- նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում։
Քննությունն անցկացվելու է նոր, սակայն համանման ու համարժեք թեստերով։ Նրա խոսքով՝ քանի որ քննության ավարտից հետո թեստերն ու ճիշտ պատասխանները հրապարակվում են, ուստի դրանք չեն կարող ևս մեկ անգամ գործածվել։
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գտնվող քննական կենտրոնում գրանցված 158 դիմորդներից այսօր ներկայացել են 118-ը, 40-ը բացակա են։ ԳԹԿ-ից տեղեկացրել են, որ մանրամասն ուսումնասիրվելու է 40 դիմորդի չներկայանալու պատճառները, և մասնակցության հնարավորություն է տրվելու նրանց, ովքեր բքի և ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել Գորիս հասնել, քանի որ չի բացառվում՝ այլ պատճառներով էլ բացականեր լինեն։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



