ԳլխավորԼուր

Գորիսի համալսարանում անվճար մասնագիտական դասընթացներ են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գորիսի պետական համալսարանն իրականացնում է անվճար մասնագիտական դասընթացների շարք:

Ծրագրի մեկնարկից՝ հունիսի 11-ից ի վեր, դասընթացներին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 876 երիտասարդ:

Ծրագրի նպատակն է համապատասխան մոդուլների շրջանակում երիտասարդներին ապահովել անհրաժեշտ մասնագիտական ու վերմասնագիտական կարողություններով և հմտություններով՝ աշխատաշուկայում հաջողություններ ունենալու համար, ինչպես նաև աջակցություն տրամադրել մասնագիտական կողմնորոշման հետ կապված: Ծրագիրը ներառում է ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական դասընթացներ, որոնք թույլ են տալիս երիտասարդներին (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) ստանալու որակյալ կրթություն:

Դասընթացներն իրականացնող Գորիսի պետական համալսարանի աշխատանքային թիմն ընթացիկ հարցում է իրականացրել՝ պարզելու ծրագրի ընթացքի, կազմակերպվածության և դասընթացավարների պատրաստվածության մակարդակի մասին մասնակիցների կարծիքները։ Ստացված տվյալներով կարելի է փաստել, որ երիտասարդների համար նման ձևաչափով կազմակերպվող դասընթացները չափազանց արդյունավետ են։

«Թվային դասավանդման հմտություններ» դասընթացի մասնակից Ժենյա Գրիգորյանը, առանձնակի կարևորելով դասընթացի մատուցման ձևը և շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍՆ-ին ու Գորիսի պետական համալսարանին, նշել է, որ այն բավականին հագեցած է եղել, ուսումնառության ընթացքը՝ հաճելի և ուսանելի, իսկ ձեռք բերած գիտելիքները՝ կիրառելի։

Անգլերենի դասընթացավար Մարիամ Գալստյանի խոսքով՝ երիտասարդների ոգևորությունը, ակտիվությունն ու հետաքրքրությունը պահպանվել են դասընթացի ողջ ընթացքում: Նա փաստել է՝ ծրագրի մասնակիցները ցանկություն են հայտնել, որ այն կրի շարունակական բնույթ, քանի որ մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման տեսանկյունից էական նշանակություն ունի երիտասարդների համար։

Ծրագրի շրջանակում մինչ այժմ կազմակերպվել են հետևյալ մոդուլների առկա և հեռավար ձևաչափերով դասընթացներ՝ անգլերեն (բազային), մեդիագրագիտություն, ՀՀ աշխատանքային օրենսդրություն, հանրային խոսք, խոսքի մշակույթ, մենեջմենթ (բազային), թվային դասավանդման հմտություններ: Բացի դրանից՝ ստեղծվել են անգլերեն (բազային), մեդիագրագիտություն, մենեջմենթ (բազային), թվային դասավանդման հմտություններ, ադրբեջաներեն (բազային) մոդուլների էլեկտրոնային դասընթացները:

Ընթացքի մեջ են հետևյալ մոդուլները՝ ադրբեջաներեն (բազային), համակարգչային հմտություններ, հաշվապահական հաշվառում սկսնակների համար:

Ծրագրի ավարտը նախատեսվում է 2022 թվականի դեկտեմբերի 10-ին: