ԳլխավորԼուր

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարն ապահով տանիք  չի գտնում, այն վնասվել է

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը

Հայտնի հայ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի համար հարմար տանիք չի գտնվում: 2016-ին  վերականգնվելուց հետո այն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով   հանձնվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին: Այսօր, սակայն, թատրոնի տնօրինությունն ահազանգում է, որ չկան պատշաճ պայմաններ` որմնանկարը պահպանելու համար, բացի այդ` այն սկսել է անհարմարություններ ստեղծել թատրոնի համար.

«Որմնանկարը տեղադրված է թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում: Քանի որ տարիներ շարունակ պատուհանները վթարային վիճակում էին, առկա էր ջեռուցման խնդիր: Համապատասխան ջեռուցում չի ապահովվել, ուստի  որմնանկարը վնասներ է կրել. դրա վրա արդեն ճեղքեր կան: Բացի այդ`այն դրված է հատակին, ինչը սխալ է: Օրինակ` պատանի հանդիսատես ունենք, որը կարող է ոտքով դիպչել, վնասել այն, ուստի թույլ չենք տալիս մոտենալ նկարին: Հիմա, քանի որ փոխվում են թատրոնի պատուհանները, մենք ԿԳՄՍ նախարարությանը խնդրեցինք, որ որմնանկարի համար էլ ապահով տեղ գտնեն»,-Usanogh.am-ի հետ զրույցում պարզաբանում է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Նրա խոսքով` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ քննարկել են որմնանկարի տեղափոխության հարցը, և արդեն մի քանի վայր նրանց ուշադրության կենտրոնում է. «Որմնանկարը կարող է տեղափոխվել «Շիրակ» օդանավակայան, Գյումրու երկաթուղային կայարան կամ Գյումրու համայնքապետարան: Քանի որ այն 12 մետր երկարություն և 4 մետր լայնություն ունի, նախապատվությունը կտրվի այնպիսի վայրի, որտեղ պահպանությունը հնարավոր կլինի պատշաճ կերպով իրականացնել: Հավանաբար դա կլինի օդանավակայանը»:

Հիշեցնենք, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո «Սարերում» որմնանկարը հայտնվել էր խիստ վթարային, չօգտագործվող տարածքներում:  Ապա կատարվել էին վերականգնման աշխատանքներ «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ:

Հիմա, փաստացի, որմնանկարը կրկին վերականգնման կարիք ունի: