ԳլխավորԽճանկար

21-րդ դարի համաճարակները

Ամբողջ աշխարհը շունչը պահած՝ շարունակում է հետեւել նոր կորոնավիրուսի վարակի տարածմանը եւ ակնթարթաբար սպառում համաճարակի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն։ Դա առիթ դարձավ եւս մեկ անգամ վերհիշելու 21-րդ դարում տարածված համաճարակները՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք վտանգավոր եղել։

Ատիպիկ թոքաբորբ

Ատիպիկ թոքաբորբի (Severe Acute Respiratory Syndrome, SARS) համաճարակի բռնկումը առաջին անգամ արձանագրվել է 2002 թվականի նոյեմբերին Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում։ Շուտով վարակի դեպքեր գրանցվեցին ինչպես Չինաստանի մյուս շրջաններում, այնպես էլ Վիետնամում, Նոր Զելանդիայում, Ինդոնեզիայում, Թաիլանդում, Ֆիլիպիններում։ Առանձին դեպքեր գրանցվեցին Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, համաճարակի ժամանակաշրջանում՝ 2002-2003 թթ. վարակվածների թիվն աշխարհի 37 երկրում հասել է 8437-ի, նրանցից 813-ը մահացել է։

2003 թվականի հուլիսին ԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ատիպիկ թոքաբորբի համաճարակն ավարտվել է, նշելով սակայն, որ չի հաջողվել ամբողջությամբ հաղթահարել հիվանդությունը։ 2014-ի տվյալներով՝ ատիպիկ թոքաբորբի դեմ արդյունավետ պատվաստանյութ այդպես էլ չէր ստեղծվել։

Խոզի գրիպ

Երկրագնդի բնակչությունը հաջորդ համաճարակի հետ բախվեց 2009 թվականին։ Այդ ժամանակ նոր խոզի գրիպ առաջացնող եւ թե’ կենդանուց մարդուն, թե’ մարդուց մարդուն փոխանցվող H1N1 վիրուսի տարածումը սկսվեց Մեխիկոյից եւ «գրավելով» Մեքսիկան ու ԱՄՆ-ը՝ հասավ Իսպանիա՝ այնտեղից էլ տարածվելով ողջ Եվրոպայում։

Խոզի գրիպից մահացածությունը, ըստ Հարվարդի՝ հասարակության առողջության դպրոցի տվյալների, կազմում է վարակվածների թվի ընդամենը 0,007 %-ը։ Այդ ցուցանիշն ավելի ցածր է, քան սովորական սեզոնային գրիպինը։

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ խոզի գրիպից մահացել է 18449 մարդ։ Սակայն ավելի ուշ PLOS Medicine պարբերականում ներկայացվեց մահացածների նոր՝ ոչ պաշտոնական թիվը՝ 203 հազար։

2010 թվականի հունիսին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավանություն տվեց այն զեկույցին, որտեղ քննադատվում էր ԱՀԿ-ի գործողությունները՝ խոզի գրիպի հետ կապված։ Զեկույցի հեղինակները մեղադրեցին ԱՀԿ-ին, Եվրամիության երկրների կառավարություններին ու Եվրամիության հիմնարկներին այնպիսի գործողություններում, որոնք հանգեցրել են պետական միջոցները վատնելուն եւ բնակչությանն անհիմն վախ ներշնչելուն։ Համաճարակի ոչ մեծ տարածման հետեւանքով պատվաստանյութերի՝ արդեն գնված խոշոր խմբաքանակներ այդպես էլ չօգտագործվեցին։

Իսկ Դեղագործատնտեսական միջտարածաշրջանային կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոցենտ Պ. Վորոբյովի կարծիքով էլ խոզի գրիպը մտացածին հիվանդություն է, որի շուրջ բոլոր շահարկումները մի նպատակ ունեին՝ գերշահույթներ ստանալ հակավիրուսային միջոցների եւ պատվաստանյութերի վաճառքից։

Թռչնի գրիպ

2013-ի փետրվարին Հարավային եւ Արեւելյան Ասիայում արձանագրվեցին H5N1 եւ  H7N9 մանրէների հարուցած եւ ընտանի թռչուններից մարդուն փոխանցվող թռչնի գրիպի բազմաթիվ դեպքեր։

Բժիշկները, սակայն, ծանոթ էին այդ հիվանդությանը, որն առաջին անգամ գրանցվել էր 2003 թվականին, կրկին Ասիայում։ Պարզապես այն ժամանակ մարդկանց վարակվելու ընդամեը 100 դեպք էր արձանագրվել, ոչնչացվել էր 140 մլն հավ։

ԱՀԿ-ի տվյալներով՝ 2003-2013 թթ. դեկտեմբեր ժամնակահատվածում H5N1 վիրուսով մարդկանց վարակվելու 649 դեպք է գրանցվել 15 երկրում, 384 մարդ մահացել է։ Մահվան պատճառ են դարձել բարդացումները՝ թոքաբորբի սրացում, երիկամների, լյարդի, արյունաստեղծ օրգանների ախտահարում։

Ինչպես խոզի գրիպի, այնպես էլ թռչնի գրիպի դեպքում չի կարելի ասել, որ հիվանդությունը հաղթահարված է, քանի որ մանրէները շատ արագ մուտացիայի են ենթարկվում, եւ նոր պատվաստանյութեր ստեղծելու կարիք է առաջանում։

Պոլիոմիելիտ

2014 թվականին աշխարհում կտրուկ աճեց պոլիոմիելիտով վարակվելու դեպքերի թիվը։

Այն սուր մանրէային հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում է ողնուղեղը, մկանները կաթվածահար են լինում։ Հատկապես վտանգավոր է մինչեւ 5 տարեկան երեխաների համար։

Պոլիոմիելիտը մինչ օրս շարունակում է անբուժելի մնալ, սակայն դեռ 1950-ականներին ստեղծված պատվաստանյութերը հնարավորություն են տալիս արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ տանել հիվանդության տարածման դեմ։

1988 թ.-ից ի վեր պոլիոմիելիտով վարակվելու դեպքերը նվազել են ավելի քան 99 տոկոսով։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, եթե 1988-ին հիվանդությամբ վարակված էր 350 հազար մարդ աշխարհի 125 երկրում, ապա արդեն 2013-ին այդ թիվը կազմել է 406 մարդ մի քանի երկրում։

Համաճարակավտանգ երկրների շարքում շարունակում են մնալ Նիգերիան, Պակիստանը եւ Աֆղանստանը։

Էբոլա վիրուս

2014-ի օգոստոսին ԱՀԿ-ն միջազգային նշանակության վտանգ հայտարարեց էբոլա դողէրոցքը։

Այն սուր վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է մարդուն ու կենդանիների մի քանի տեսակի։ Վիրուսն անվանումը ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Էբոլա գետից, որի մոտակայքում առաջին անգամ արձանագրվել է հիվանդությունը։

Մահացության ցուցանիշը հասնում է մինչեւ 90 տոկոսի։

Էբոլայի բռնկումները մի քանի տարին մեկ պարբերաբար գրանցվում են Կենտրոնական Աֆրիկայի երկրներում, մասնավորապես Կոնգոյում եւ Ուգանդայում։

Բայց ամենամեծ համաճարակը տեւել է 2014-ի փետրվարից մինչեւ 2015-ի դեկտեմբեր՝ խլելով ավելի քան 11 հազար մարդու կյանք Արեւմտյան Աֆրիկայում (Գվինեա, Սիերա-Լեոնե եւ Լիբերիա)։

2018-ի օգոստոսից մինչեւ 2019-ի վերջը էբոլա դողէրոցքից Կոնգոյում մահացել է 2199 մարդ։ Ստեղծվել է փորձարարական 2 պատվաստանյութ, որոնք հաջողությամբ պայքարում են հիվանդության դեմ. REGN-EB3-ը կրճատում է մահացության թիվը մինչեւ 27 %, իսկ mAb114 դեղանյութը մահացությունը հասցնում է 34 տոկոսի։

Դեղանյութերի վաղ կիրառման դեպքում վարակվածների 90 տոկոսը առողջանում է։

Նոր կորոնավիրուս

Մարտի 14-ի առավոտվա տվյալներով, նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է հասել է 145374-ի, բուժվել է 71694, մահացել՝ 5429 մարդ։

Usanogh.am

Ըստ zakon.kz

Comment here