ԳլխավորԽճանկար

Երբեք չպետք է կորցնել տոնի զգացողությունը, մեզ նոր հաղթանակ է պետք. Արամ Ղազարյան

Արամ Ղազարյան

Արամ Ղազարյանը 19 տարեկան էր, Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանող, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Էջմիածնի «Մաչանենց» թատրոնի դերասանն արդեն մեկ տարուց ավելի ծառայում էր Մարտունիում: Ուսագոտու վնասվածք ստանալուց հետո էլ չդադարեց խաղալ թատրոնում:

Արամը կռվել է Ջրականում, Հադրութում, Վարանդայում, նրա շատ ընկերներ էլ կռվել են Շուշիում։

«Մենք չպետք է կորցնենք տոնի, հաղթանակի զգացողությունները, 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Շուշիի օկուպացումը չեն կարող նսեմացնել 1992-ի պատմական իրադարձությունների նշանակությունը։ Բայց մենք Շուշիի ազատագրումը կրկին կտոնենք այն պարագայում, երբ դուրս գանք մեր փակ քառակուսուց, որի մեջ հայտնվել ենք ազգովի»,-Usanogh.am-ի հետ զրույցում նշում է Արամը, որն արդեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանող է:

Արամ Ղազարյան

Նրա խոսքով`մեզ սկսել է պակասել այն հավատը, որը միշտ ուղեկցել է մեր ազգին ամենադժվարին իրավիճակներում. «Այդ հավատը պետք է վերականգնենք, իսկ դրա համար նոր հաղթանակ է պետք: Մեզ օդ ու ջրի նման հարկավոր են նաև ընթացիկ, փոքր թվացող հաղթանակներ, որոնք կաթիլ-կաթիլ կհիշեցնեն այն մասին, որ մենք հաղթող ենք»,-ասում է Արամը:

Իսկ դրա համար, նրա համոզմամբ, ամեն մարդ իր տեղում պետք է իր գործը լավ անի. «Ուսանող ես` լավ սովորիր, աշխատում ես` գործդ լավ արա: Թե չէ վերջին շրջանում փոքր քառակուսու մեջ հայտնված միլիոն ու կես լիդերների ենք վերածվել: Պետք չէ, որ բոլորը լիդեր ու փորձագետ լինեն: Մենք պետք է թիմային մտածենք, ինչպես սպորտում, միայն այդ դեպքում հաջողությունը կրկին մեր դաշտում կլինի»:

Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք են մատուցում Հայրենական պատերազմի վետերաններին, Շուշիի ազատագրմանը և Արցախյան 44-օրյա պատերազմում մարտնչած հայ հերոսներին, որոնք նահատակվեցին Արցախի ու Շուշիի պաշտպանության համար:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ