ԳլխավորՀայաստանսՄի կտոր գիրք

«Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ…». Հայաստանի մասին

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Հովհաննես Թումանյան

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Համո Սահյան

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Եղիշե Չարենց

Հայաստան

Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ:

Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.

Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.

Դու՝ Զվարթնոց — ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,

Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ…

Իմ փառապա՛նծ
Իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:

Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.

Դու՝ Սևանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ.
Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրոշ.

Խոսուն վկա կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի,
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան —
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան:

Պարույր Սեւակ

Ի՛մ Հայաստան

Դու, երկնամերձ իմ հայրենիք, դո՛ւ, հինավուրց ի՛մ Հայաստան,
Անմահ բանի սպասարկու, խորհուրդ խորին, ի՛մ Հայաստան,
Դո՛ւ, ալևոր տեսիլների աստեղազօծ ի՛մ Հայաստան,
Եվ նոր խոսքի ավետաբեր, հազարավերք, ի՛մ Հայաստան:

Սաղավարտներ դրած կանգնած քո լեռներդ կուռ երկաթի,
Արորներըդ արյունազանգ` արդարության ցորեն արտի.
Երդիկներիդ ծուխերն անուշ` նվիրական Նավասարդի,
Հին օրերի երգ սրբազան, սեղան զոհի, ի՛մ Հայաստան:

Քո գետերըդ` տեգ սուրացող, ազատատենչ, կամուրջ քանդող,
Քաղաքներիդ մոխիրներից ծլած վարդերն արյուն-բուրող.
Շարականներըդ` հոգեբուխ, շինականիդ երգը` լացող.
Հին սերերի, նոր կարոտի ոսկի բամբիռ, ի՛մ Հայաստան:

Դստրիկներըդ քո փափկասուն` անապատի գայլերին կեր,
Որբուկներըդ` մերկ ու ծարավ. սովալլուկ, մահի ընկեր.
Բախտիդ վրա` ծափ ու ծիծաղ, սփոփանքի ունայն խոսքեր,
Նոր հույսերի, նոր երգերի երազաբույր ի՛մ Հայաստան:

Բարեկամներից վաճառված, անիրավված ի՛մ հայրենիք,
Ոսոխներիդ կըրունկի տակ ավերակված ո՛րբ հայրենիք,
Սարսափներով, եղեռններով հավերժացած հի՛ն հայրենիք,
Արյունիդ մեջ սուրբ իրավունք, հոգիդ արև, ի՛մ Հայաստան:

Կըռունկներըդ համբավ տանող` պանդուխտներիդ աշխարհալած,
Նահատակված տաճարներիդ գմբեթները երկնասլաց,
Մագաղաթներդ արյունաներկ` ձայն հեծության, հառաչանաց,
Հընուց ուխտի վըկայական, ավանդատուն, ի՛մ Հայաստան:

Ծիրանավոր քաջ-Մասիսըդ` սպարապետ քեզ պահապան,
Ծերուկներըդ` ճակատագրիդ ճամփաների սուրբ օրհնաբան,
Նոյ-Նահապետ աստվածատես` ածուներիդ վեհ այգեպան,
Մանուկներիդ ու կույսերիդ արյան հընձան, ի՛մ Հայաստան:

Արդարախոս ու մեծասքանչ քո հին լեզվով օրհներգըված,
Լուսավորչի լույս կանթեղով երկինքներըդ լուսերանգված,
Անճառելի ու դարերի տանջանքներով հոգիացած,
Հըրաշափառ քո Հարությամբ` նորամանուկ ի՛մ Հայաստան:

Ավետիք Իսահակյան

***

Հայաստա՛ ն, իմ տուն, իմ ծուխ, իմ կրակ,
Իմ տաք ապառաժ, իմ այրված արոս,
Ջիղ իմ պղնձե, շիկացած երակ,
Կավ իմ ճաքճքած, շոգ իմ բարբարոս…

Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ,
Իմը կրակ է ու այրվող արյուն,
Իմը այն զոհն է, որ դար ու դարեր
Ողջակիզվում է քո Ավարայրում:

Հայաստա՛ ն, իմ հող, իմ մամուռ, իմ սեզ,
Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ,
Քարերից քամվող արտասուք իմ հեզ,
Քարերում նիրհող կրակե ծաղիկ…

Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ,
Իմը թախիծ է, մորմոք է արյան,
Քարերից քամվող արցունք է անեղծ,
Քարերում նիրհող հուր է սրբազան:

Հայաստա՛ն, իմ լյառ, իմ գագաթ, իմ լույս,
Հողմերին տրված դարավոր իմ ձյուն,
Դու` ձյունամրրիկ իմ խելակորույս,
Իմ ճերմակ հառաչ, իմ սո՜ւրբ մռնչյուն…

Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ,
Իմն այդ մրրիկն է, հողմն այդ, ահարկուն,
Նա գիշերներով զարթնում խելահեղ
Ու քարեքար է գլուխը զարկում…

Վահագն Դավթյան

Մեր սերը

Հայաստա՛ն աշխարհ,

Դու մե՛րը եղար ու մերը չեղա՜ր,
Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի՝ պես …
Դու մե՛րը եղար,
Ինչպես որ մերն է մեր երակներում հոսող արյունը,
Եվ մերը չեղար,
Ինչպես մերը չէ Վարագա սարի արեւածագը,
Սասնա անտառին իջնող մանանան,
Մշո դաշտերը շոյող սոսափը…

Դու մոտի՛կ եղար՝
Սրտիդ տրոփը մեր կոշտ ձեռքերին հաղորդելու՜ չափ,
Եվ հեռու եղար՝
Սահմանից այն կողմ
Անիի կարմիր ավերակներից մեզ երեւացող
Մայր տաճարի՜ պես:

Դու տաք հո՜ղ եղար՝
Մեր պիրկ խոփերի տենչանքին հլու,
Մեր գգվանքներից ծլարձակող հո՜ղ,
Եվ միրաժ եղար
Կապույտ, անշոշափ ու անբռնելի,
Մենք՝ անվերջ հասնո՛ղ,
Իսկ դու՝ հեռացո՛ղ, անվերջ հեռացո՜ղ…

Հայաստա՛ն աշխարհ,
Դու այդպե՛ս եղար,
Եվ դրա համար մենք քեզ սիրեցինք
Ո՛չ հարազատի հանդարտիկ սիրով,
Այլ՝ սիրածի՛ պես, սիրահարի՜ պես.
Ցավո՛տ, ցավախա՜ռն
Երազով, լույսով, երգող տխրությամբ,
Մերթ խռովելով,
Մերթ հաշտվելով,
Քո գրկո՛ւմ անգամ՝ քեզ կարոտելո՛վ,
Քեզ կորցնելու ահից՝ տագնապա՛ծ,
Քեզ ունենալու խինդից՝ երջանի՜կ,
Եվ բախտիդ համար անվերջ, ամեն պահ մեռնել-ապրելո՜վ…
Հայաստա՜ն աշխարհ…

Սիլվա Կապուտիկյան