ԳլխավորԼուրՀայաստանս

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է

Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:

Ի տարբերություն 2020 թվականի, այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքի սահմանափակում չի լինելու, բացառությամբ ժ. 09-10-ը։

«Հիշատակի եռերգություն» խորագրով ծրագրի շրջանակում միջոցառումների մեկնարկը տրվել է ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, երբ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց  Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը ներկայացրեցին Մոցարտի Ռեքվիեմը: Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Այս միջոցառմանը նախատեսվում է դիվանագիտական պատվիրակությունների մասնակցությունը:

Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել տասից ավելի պատվիրակություններ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և այլն:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից:

Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ ծրագրի քաղաքականության, պետք է ստեղծվեր Մեծ թուրքական կայսրությունը, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը համարվում էին հայերը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում՝ ձևավորելով Սփյուռքը:

«Ցեղասպանություն» տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Նրա ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիայի անապատներ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել այն, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Comment here