ԳլխավորԽճանկար

Հարավային Կորեա. կուռքեր, կրթություն ու սեր

Կորեական  հասարակությունը շատ կտրական է եւ նրա որոշ առանձնահատկություններ անհասկանալի են ոչ տեղաբնակների համար։ Ներկայացնում ենք Հարավային Կորեայի կենցաղի եւ կրթության հետ կապված մի քանի առանձնահատկություններ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն ուսանող ընթերցողներին։

Կորեացիները շատ քիչ են հետաքրքրվում արտաքին աշխարհով

Եթե դու տիրապատում ես անգլերեն լեզվին, ապա Կորեայում կարող ես բավական վստահ զգալ, քանի որ բնակչության մեծ մասը հասկանում է այն։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ կորեացիները շատ են ճանապարհորդում եւ լավ գիտեն աշխարհը։

Կորեայում անգլերեն դասավանդող մի ուսուցչուհի պատմում էր, որ երբ երեխաներին խնդրել է թվարկել օտարերկրյա 10 երաժշտական խմբի կամ երգչի անուն, նրանք հիշել են ընդամենը 4-5-ը, այդ թվում համաշխարհային ճանաչում ունեցող «Բիթլզը»։ Ազգային արտադրողն ապահովում է կորեացիների համար գործնականում այն ամենը, ինչը կարող է նրանց հետաքրքրել, եւ երաժշտական արդյունաբերությունը բացառություն չէ։

Անսահման սեր՝ կորեական երաժշտության նկատմամբ

Կորեացիները պարզապես պաշտում են իրենց երաժիշտներին, իսկ ամենատարածված ժանրը փոփ-երաժշտությունն է։ Կորեական շոու-բիզնեսում շատ հաջողակ նախագծեր կան, որոնք նաեւ ոչ քիչ հարկեր են վճարում պետական գանձարան, այդ պատճառով նույնիսկ իշխանություններն են շահագրգռված ճանաչված կատարողների առաջխաղացմամբ։

Երկրպագուների սերն այնպիսի չափերի է հասնում, որ այս կամ այն խմբի ոճով բազմաթիվ գովազդային ապրանքներ են արտադրվում՝ սկսած մանր գրասենյակային իրերից մինչեւ հատուկ խորհրդանշաններ, որոնք օգտագործվում են համերգների ժամանակ՝ սիրելի խմբին աջակցելու համար։ Իսկ BTS խումբն այնքան հանրաճանաչ է, որ խմբի անդամների դեմքով տիկնիկների մի ամբողջ շարք է արտադրվել։

Սովորել, սովորել ու կրկին սովորել

Կորեացի աշակերտների եւ ուսանողների համար ուսումնական տարիները բավականին դժվար են։ Ինչպես ասիական երկրների մեծամասնությունում, այստեղ էլ մրցակցություն կա կյանքի բոլոր բնագավառներում։ Աշխատավոր խավը ձգտում է հաջողության հասնել եւ շրջանցել իր գործընկերներին, մայրիկները մրցում են միմյանց հետ, թե ում երեխան է ավելի լավը, դե իսկ երեխաները ստիպված են արդարացնել ծնողների չափազանցված ակնկալիքները։

Ուսումնական տարին, ինչպես եւ Ճապոնիայում, սկսվում է գարնանը։ Մեծ թիվ են կազմում սեռերով պայմանավորված առանձնացված դպրոցները, այդ պատճառով երիտասարդները հակառակ սեռի հետ շփվում են առավելապես բուհ ընդունվելուց հետո։ Երեխաները սովորում են գրեթե ամբողջ օրը, իսկ ավագ դպրոցներում կարող են մնալ լրացուցիչ պարապմունքների նույնիսկ մինչեւ գիշեր։

Ուսանողների օրվա ռեժիմը մի քիչ այլ է, բայց կրկին բավական ծանրաբեռնված է։ Ուսումնական ամիսների մի մասը նրանք կարող են հեշտությամբ հաղթահարել, երեկոները տրամադրելով զվարճալիքների կամ տեսակցությունների։ Բայց երբ մոտենում  է որեւէ նախագծի հանձնման ժամանակը, օրերով դուրս չեն գալիս տնից մինչեւ առաջադրանքն ամբողջությամբ չավարտեն։

Բացի այդ, ուսանողները մրցակցում են միմյանց հետ հեղինակավոր դասախոսի կամ առարկայի կուրսերին մասնակցելու իրավունք ստանալու համար։

Ծնողների չափազանցված հոգատարությունը

Սովորաբար կորեական ընտանիքում փող վաստակում է հայրը, իսկ մայրն ամբողջովին նվիրվում է երեխայի խնամքին եւ դաստիարակությանը. տանում է զանազան խմբակների, ստուգում է առաջադիմությունը, աջակցում է դժվարությունների ժամանակ։ Երեխաների մոտ էլ պատասխանատվության մեծ զգացում է առաջանում՝ իրենց նկատմամբ այդպիսի սեւեռուն ուշադրության հետեւանքով։

Նոյեմբերին ամբողջ Կորեայում ավարտական քննություններ են անցկացվում, որոնց արդյունքներն ուղղակիորեն ազդում են նախընտրած բուհ ընդունվելու վրա։

Քննություններից անմիջապես հետո երկրով մեկ դեռահասների ինքնասպանությունների ալիք է սկսվում, քանի որ հեղինակավոր բուհ չընդունված դիմորդները չեն ցանկանում այդ մասին պատմել ծնողներին ու հիասթափեցնել նրանց։

Երեխաների նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունը նաեւ դրական կողմեր ունի։ Դպրոցներում, օրինակ, գոյություն ունի «ծնողական պարեկություն» հասկացությունը։ Երեխաների մայրերը, որոշ դեպքերում՝ նաեւ հայրերը, հատուկ համազգեստով 2-ական հոգով հերթապահում են ուսումնական հաստատությունում՝ հետեւելով իրենց երեխաների դպրոցական կյանքի որակին՝ կարգապահությանը, բացակայություններին, ճաշում են դպրոցական ճաշարանում՝ նաեւ սննդի որակը ստուգելով։

Այդ հերթապահությունների շնորհիվ ծնողները տեղեկանում են խնդիրների մասին արդեն դրանց առաջացման փուլում՝ լինեն դրանք կազմակերպչական, թե օրինակ, այլ երեխաների կողմից հոգեբանական ճնշումներ, եւ պահանջում են դպրոցի ղեկավարությունից անմիջապես վերացնել բացասական երեւույթները։

Կորեացի ծնողները նաեւ դեռ փոքր ժամանակից սովորեցնում են երեխաների քնել ցանկացած պայմաններում, թեկուզ աղմուկի եւ վառ լույսի տակ, որպեսզի ապագայում նա կարողանա առավելագույնն օգտագործել մի քանի րոպե ննջելու եւ ուժերը վերականգնելու ընձեռնված հնարավորությունն անկախ պայմաններից։

Գեղեցկության դաժան չափորոշիչները

Երեւի շատերն են լսել, որ Կորեայում պլաստիկ վիրաբույժի մոտ գնալը նույնն է, ինչ մտնես խանութ՝ մթերք գնելու։

Իրենց արտաքինը «սրբագրում են» նույնիսկ նրանք, ում բնությունն օժտել է հաճելի դիմագծերով. չէ՞ որ նրանք ցանկանում են վերացնել թեկուզ կրկնակի կոպերը՝ եվրոպացիներին ավելի շատ նմանվելու համար։ Նշվում է, սակայն, որ վերջին տարիներին պլաստիկ վիրաբույժներին դիմելու դեպքերն աստիճանաբար նվազում են։ Բայց դա չի նշանակում, որ կորեացիները մեղմացրել են գեղեցկության նկատմամբ պահանջները, պարզապես վիրաբուժական դանակներին ավելի հաճախ են փոխարինում շպարվելու պարագաները։ Դե իսկ կորեական կոսմետիկայի հրաշագործ հատկությունները հայտնի են ամբոջ աշխարհում։

Բայց եւ արտաքինի հետ կապված բազմաթիվ սովորություններ դեռ շարունակվում են արդիական լինել։ Օրինակ, աղջիկների, որոշ դեպքերում՝ նաեւ տղաների անթերի կզակը պետք է V տառին նմանվի, իսկ իսկական տիկնոջ կազմվածքը պետք է հիշեցնի S տառը։

Կորեուհիները ծիծաղելիս անպայման ձեռքով փակում են բերանը, այդ պատճառով նրանց ծիծաղը նուրբ եւ կոկետ է, բայց եւ անկեղծ չի թվում։

Մեծ բացվածքով կամ բաց ուսերով հագուստը անպատշաճ է համարվում, սակայն գերկարճ մինին համարվում է նորմալ։ Ի դեպ, կարճ հագուստի պատճառով է, որ կորեուհիները երբ նստում են, ծնկներին որեւէ ծածկոց են գցում՝ անհարմար իրավիճակներից խուսափելու համար։ Չնայած այժմ դա սովորության է վերածվել, եւ ծնկները ծածկում են նույնիսկ երկար կիսաշրջազգեստ կամ տաբատ հագած կանայք։

Կորեուհիներն այդքան պահանջկոտ են իրենց արտաքինի նկատմամբ նաեւ այն պատճառով, որ տղաներն էլ են այդպիսի մանրուքներին մեծ ուշադրություն դարձնում։ Ամենամեծ հաջողությունը վայելում են համեստ եւ հոգատար գեղեցկուհիները։ Հավելենք, որ ոչ մի կորեացի երբեք չի հանդիպի իրենից գեր աղջկա հետ։ Հասակը եւս նշանակություն ունի, այդ դեպքում արդեն կորեուհիները չեն ցանկանում հանդիպել իրենցից կարճահասակ տղաների հետ։

Հարաբերությունների նկատմամբ վերաբերմունքը

Կորեայում չափազանց ուշադիր են տղա-աղջիկ հարաբերությունների նկատմամբ, եւ գործնականում յուրաքանչյուր ամիս որեւէ տոն կա սիրահարների համար։ Այն մարդիկ, ովքեր ընկեր (ընկերուհի) ունեն, նախանձի առարկա են մյուսների համար, իսկ զույգերն էլ չեն քաշվում ամեն օր եւ ամեն առիթով ուշադրություն հրավիրել իրենց սիրո վրա։

Բայց քանի որ Կորեայում ընդունված չէ ի տես բոլորի գրկել միմյանց կամ համբուրվել, նրանք բավարարվում են միանման հագնվելով, միմյանց նվերներ տալով եւ 24/7 ռեժիմով հաղորդագրություններ ուղարկելով։ Իսկ հակառակ սեռի մյուս ընկերներից նրանք արդեն ստիպված են բաժանվել, քանի որ կորեացիները չեն հավատում «պարզապես» ընկերությանը տղայի եւ աղջկա միջեւ։

Ահա այսպիսին է Հարավային Կորեան, որը վերջին 20 տարում ահռելի արագությամբ զարգացել է գուցե նաեւ իր բնակիչների՝ վերը նշված առանձնահատկությունների շնորհիվ։

Թարգմանաբար՝ համացանցային բաց աղբյուրներից

Comment here