Դա մի շատ տարօրինակ կրկես էր՝ չգիտես որտեղից տարիներ առաջ հանկարծակի ծլած։
Հանդիսականները երեք հիմնական խմբից էին բաղկացած՝ արենայի ելույթներին ուշադիր հետեւող-հեռախոսներում գովասանախեղդ-քծնող-մեկնաբանող, հետո հեռախոսը ոտքերի արանքը խցկած՝ վերին վերջույթներով բուռն ծափահարող՝ դեմքի հավատարմագույն հայացքով առ արենան ու «արենչիները»։
Մյուս խումբը գրեթե նույն պաթոսով ու ուշադրությամբ հետեւում էր արենայի ելույթներին, հեռախոսներում արագ մի քանի հայհոյանք կամ անեծք գրում, հազվադեպ՝ «խորիմաստ» ինչ-որ վերլուծություն, հեռախոսը դնում մի կողմ՝ բռունցքներն օդ նետելու ու «մահ դավաճաններին» բղավելու համար։
Երրորդ խումբը կարծես ԽՍՀՄ ժամանակներից մնացած՝ կինոթատրոնների հետեւի շարքերից լինեին՝ արենայի կողմը դիտմամբ չնայող, ուտող, խմող, բազմացող ու «ապաքաղաքական» իր տեսակով։
Բառերի ու ստի գերդոզավորումից ու անդադար աղմուկից շշմած-թմրած էին սակայն բոլորը։ Արդեն մի քանի տարի ոչ ոք չէր հասկանում՝ լավը դա վա՞տն է, իսկ զզվելը՝ սիրե՞լը, պարտությունը դա ամենալավ խաղաղությունն է, իսկ թշնամին՝ ոչ այնքան վատ հարեւա՞նը, թե հակառակը՝ ուտելը դա հեծանիվն է, իսկ պատմությունը՝ «բարձրաշխարհիկ» ու ֆբ-ցուցադրական հավաքներում կոնկրետ էջի վրա բացված ողբ, որի վրա, սակայն պետք է ծիծաղել, կամ գոնե մեղմ ու կենտրոնացած-վերացած ժպտալ…
Երբեք չընդհատվող կամ երաժշտության, կամ ճառախոսության ու քարոզների, կամ դրանց միախառնումից սնվող աղմուկի մեջ խլանում էին հատուկենտ հարցերն ու այդպես էլ չհնչող պատասխաննները։
Կրկեսի մի խուլ ու մութ անկյունում, գետնին նստած՝ մեջքը հենած բրեզենտե պատին, արտասվում էր ժպտացող բերանով ծաղրածուն. մի տարի էլ անցավ…
ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ