ԳլխավորԼուր

Երրորդ ուժի բացառման օրենքը. Ռաֆայել Իշխանյան

Այսօր լրանում է լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի (9 մարտի, 1922 — 6 փետրվարի, 1995) հարյուրամյակը։ Ներկայացնում ենք հատվածներ նրա «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածից (1989)։

***

…Բայց Երևանում արդեն կար հայոց անկախ պետություն Արամ Մանուկյանի գլխավորությամբ։ Նա էլ հակառակ ազգային խորհրդի ու Նազարբեկովի շտաբի որոշման՝ միայն հայկական ուժերով Սարդարապատում և Ապարանում հանճարեղորեն կազմակերպեց արդեն գոյություն ունեցող հայոց նոր պետության պաշտպանությունը և ապա բանակցությունների մեջ մտավ թուրքերի հետ։ Եվ անընդհատ կոտորվող ու անվերջ փախչող հայերը վերջապես հաղթեցին։

Ռաֆայել ԻշխանյանԱռաջին անգամ հայերի առաջ նահանջեց թուրքական զորքը (բայց հայերը մոռացել են մեր այդ առաքին ու բախտորոշ հաղթանակը կազմակերպողին, մեծարում են պարտվածներին)։ Այսպես, հայերի այս մեծագույն հաղթանակը եղավ առանց երրորդ ուժի։ Ահա մեր դասը։ Երբ Վրաստանն ու Ադրբեջանը մայիսի 26֊ին ու 27-ին Թիֆլիսում ու Բաքվում անկախություն հռչակեցին, Հայոց ազգային խորհուրդն էլ ուղղակի ստիպված իր պորտը կտրեց երրորդ ուժից (Ռուսաստանից) ու թեկուզ Հայաստանից դուրս՝ Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։ Դա մայիսի 28֊ն էր։

Դաշնակցականները (երևի ոչ բոլոր) հետո հասկացան այդ օրվա ճակատագրականորեն կարևոր լինելը հայոց կյանքում։ Թեև նախքան այդ Երևանում հայոց պետություն կար, բայց մայիսի 28֊ը դա վավերացրեց, մանավանդ այդ օրը հայ ղեկավարները վերջապես ազատվեցին երրորդ ուժին ապավինելու հայկական բնազդից, իրենց մենակ զգացին մեր հարևանների, հատկապես Թուրքիայի դեմ հանդիման։

Ս. Վրացյանն իր հուշերում գրում է, որ դեռ 1917 թ. փետրվարին հեղափոխության ժամանակ հայերը անկախության պատրաստ չէին։ Վրացիները լիովին պատրաստ էին, ադրբեջանցիները պատրաստ էին մասամբ, հայերը՝ բոլորովին։ Մենք անկախության պատրաստ չէինք նաև 1917 թ. վերջին ու 18-ի սկզբներին, երբ ռուսական բանակը լքում էր թուրքական ռազմաճակատը, հեռանում Հայաստանից։ Կովկասի ռուսական փոխարքա Վորոնցով-Դաշկովի պնակները լիզած և հայոց կամավորական շարժումը կազմակերպած պարոնները, բժիշկ Զավրիևի գլխավորությամբ շշմել էին՝ ռուսները գնում են, ի՞նչ պիտի անենք։

***

1918 թ. մայիսի 28-ից հետո հայոց ազգային խորհուրդը վերջապես բարեհաճեց Երևան գալ։ Դաշնակցությունը դարձավ պետական կուսակցություն։ Եվ կարծես սկսեց հասկանալ երրորդ աժի բացառման օրենքի փրկարար դերը։ Բայց դա տևեց մինչև Սեւրի դաշնագրի ժամանակները։ 1920 թ. ամռանը հնարավորություն կար քեմալական Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, Քեմալին դա շատ էր պետք, քանի որ տեղը նեղ էր։ Քեմալը համաձայն էր Կարսի մարզը չպահանջել և Վանի վիլայեթից էլ ինչ-որ բան տալ Հայաստանին։ Բայց երրորդ ուժին ապավինելու ցավը դարձյալ մտել էր հայ ղեկավարների մեջ։

Հայաստանի վարչապետ բժիշկ Համո Օհանջանյանը Սևրի դաշնագիրն էր ձեռքին թափահարում, դրա սահմաններով Հայաստան պահանջում Թուրքիայից։ Այս անգամ հույսը Արևմուտքի վրա էր։ Չնայած Անգլիան ասում էր, որ իր նավերը Արարատ բարձրանալ չեն կարող, Ֆրանսիան իր գործերով էր զբաղված (որպեսզի հետո դավադրաբար Կիլիկիան Թուրքիային նվիրի), հայ ղեկավարները հույսը դրած այդ պետությունների վրա, չէին հասկանում, որ Սևրի դաշնագիրը հայերիս համար մի թղթի կտոր է։

Արամը չկար։ Քեմալը, Հայաստանի կողմից արձագանք չգտնելով, դաշնակցեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ, և այդ երկուսը Հայաստանը իրար մեջ բաժանեցին, Հայաստանի հանրապետությունը մեռավ։ Արևմտյան երկրները մատը մատին չխփեցին։ Իսկ Լոզանի ժողովում հայերի պատգամավորությունը բռնաբարված ու արձակված բողոքարկու կնոջ էր նման։ Ոչ մի պաշտպան չուներ։ Սա էլ երրորդ ուժին ապավինելու արդյունքներից մի ուրիշն էր։

Պարտություն բառը վատ բառ է, ոչ ոք չի սիրում։ Երբ ես ասում եմ, որ մեր ազատագրական շարժումը պարտվեց, դա իմ բարեկամներին դուր չի գալիս։ Ինձ էլ դուր չի դալիս։ Բայց դա բացարձակ փաստ է։ Մենք պարտվեցինք։

19-րդ դարի երկրորդ կեսին սկսված հայոց ազգային֊ազատագրական շարժման նպատակն էր ազատագրել Արևմտահայաստանը, ավելի ստույգ Թուրքիայի հայաշատ վեց վիլայեթներում բարեփոխումներ անել, հաստատել հայկական ինքնավարություն։ Այս նպատակը չկատարվեց։ Ավելին, Արևմտահայաստանը կամ հայաշատ վեց վիլայեթները լիովին զրկվեցին հայությունից, Կիլիկիան, Փոքր Հայքը և Թուրքիայի իշխանության տակ գտնվող հայկական այլ վայրերն էլ հայազրկվեցին, Ռուսաստանի իշխանության տակ գտնվող Սուրմալուն և Կարսի մարզն էլ անցան Թուրքիային և նույնպես հայազրկվեցին։

Սա պարտություն է, այն էլ խայտառակ պարտություն։ Եվ այդ պարտության գլխավոր պատճառը երրորդ ուժին մեր ապավինելն էր։ Եթե մենք բացառեինք ամեն տեսակ երրորդ ուժ և մեր ծրագրերը կառուցեինք հայ ազգային եղած ուժը հաշվի առնելով ու ըստ այդ ուժի շարժվելով, մենք այսպիսի խայտառակ պարտություն չէինք կրի։

Մեր պատմաբանները, որոնց հիմնական գործը այս 70 տարում եղել է ստախոսությունը, լռում են մեր այս ահավոր պարտության մասին։ Իսկ սա շատ վնասակար է, ազգին տեղյակ չեն պահում իր պարտության մասին, չեն ասում դրա պատճառները։ Պետք է ասել, որպեսզի իր գործած սխալները ազգը չկրկնի։ Այն ազգը, որն իր պատմության դասերը չի սերտում և սխալները կրկնում է, ապագա չունի։

Մեր գլխավոր հաղթանակը 1918 թ. մայիսին եղավ առանց որևէ երրորդ ուժի օգնության։ Երկրորդ կարևոր հաղթանակը 1920 — 21 թթ. Զանգեզուրում (Նժդեհի գլխավորությամբ) դարձյալ որևէ երրորդ ուժի օգնության եղավ։ Առանց երրորդ ուժի մենք հաղթել ենք, երրորդ ուժին ապավինելով միշտ պարտվել ենք։

Մեր պատմաբանները, կոմունիստ և ոչ կոմունիստ քաղաքական գործիչները հայ ժողովրդին անընդհատ ներշնչել են, որ նա առանց Ռուսաստանի ապրել չի կարող, որ Ռուսաստանը հայերի փրկիչն է ու նման բաներ։ Այսինքն՝ անընդհատ մեզ ներշնչել են, որ առանց երրորդ ուժի գոյություն ունենալ չենք կարող, պետք է լիովին ապավինենք այդ երրորդ ուժին։

Սա խորացրեց 600 տարի, գուցե 900 տարի (Անիի անկումից հաշված) առանց պետականության մնացած հայերի ձեռք բերած ստրկամտությունը։ Այնքան խորացրեց, որ հայերի ինքնառուսացումը սարսափելի չափերի հասավ. Հայաստանի մտավորականության մեծ մասն այսօր ռուսագիր և ռուսախոս է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ, Հայաստանում ապրելով, ռուսերեն են խոսում, Հայաստանում ռուսական դպրոց հաճախող հայ երեխաների թիվը մոտենում է 100 հազարի։ Հայաստանի ներքին գործավարության 90 տոկոսից ավելին ռուսերեն է։ Էլ չեմ խոսում Հյուսիսային Կովկասի, Ռոստովի և Ռուսաստանի այլ վայրերի հայերի մասին, որոնք չքվեցին աշխարհից առանց եղեռնի, ինքնառուսացմամբ։ Այսօր, Հայաստանը զգալիորեն ռուսացել է և շարժվում է դեպի լիակատար ռուսացում։ Այսպես որ գնանք, կվերանանք։ Ահա երրորդ ուժին ապավինելու մի այլ արդյունքը։

Երրորդ ուժին ապավինելու գաղափարը և միտումը ջլատում են հայ ժողովրդի ներքին ուժերը, դարձնում նրան ստրկահաճ, մեռցնում նրա դիմադրողականությունը, սպանում գոյատևելու կամքը։

Հիմա էլ մեջ են գցել պանիսլամիզմի և պանթուրքիզմի խրտվիլակները, որպեսզի մենք՝ հայերս ավելի ամուր կապվենք Ռուսաստանի սայլին։ Երրորդ ուժին ապավինելու ասպետները մեզ ասում են՝ եթե Ռուսաստանը չլինի, պանիսլամիզմը և պանթուրքիզմը մեզ կուտեն։ Հիմա ես չեմ ուզում ընդարձակվել եւ խոսել պանիսլամիզմի և պանթուրքիզմի իրական էության շուրջը, ցույց տալ, որ դրանցով հայերին անընդհատ վախեցնող մեր գործիչները առնվազն տգետ են։

Ազգային պետականություն չունեցող ամեն մի ժողովրդի ազգային շարժման գլխավոր նպատակը իր պետականությունը, այսինքն անկախությունը վերականգնելն է կամ ձեռք բերելը։ Սա վերաբերում է նաև հայերին։ Եթե մեր մեջ չկա ազատության ձգտումը, դատապարտված ենք կորստի։ Բայց, կարծում եմ, կա ինչ-որ չափով։

Սակայն անկախ Հայաստանի ծնունդը կախված է միջազգային հարմար իրադրությունից և մանավանդ այն բանից, թե որքանով է հայ ազգը պատրաստ դրան։ Ասացի, որ 1917-ին, մինչև 18֊ի մայիս, մենք պատրաստ չէինք դրան։ Հիմա էլ պատրաստ չենք, քանի որ մեր բուն գոյությունն անգամ մենք ազգովին պայմանավորում ենք երրորդ ուժով։

1917 թ. վերջերից, երբ ռուսական բանակը հեռանում էր Հայաստանից, Զավրիևը և զավրիևականները ծնկաչոք աղերսում էին ռուսներին չգնալ, քանի որ Հայաստանն առանց Ռուսաստանի չէին պատկերացնում։ Բայց նրանց լսող չեղավ։ Չէ՞ որ քաղաքական դեպքերր կարող են առաջիկայում էլ այնպես զարգանալ (մեծ աշխարհ է), որ ռուսական բանակը Հայաստանից հեռանա։ Դա ոչ ոք բացառել չի կարող։ Այն ժամանակ երրորդ ուժի մեր ասպետները՝ Զ․ Բալայան, Հ. Սիմոնյան, Ա․ Հովհաննիսյան, Ս․ Կապոլտիկյան, Ս. Պողոսյան և այլն, եթե ծնկաչոք աղաչեն ռուսներին՝ մի գնացեք, եղբայրներ, նրանց ոչ ոք չի լսի։ Որևէ երրորդ ուժ հայերի կամքով երբևէ չի շարժվել և չի շարժվի։ Նա իր ծրագրերն ու շահերն ունի։ Այդ մենք ենք հնարել, թե ռուսները մեզ փրկել են։ Ռուսները երբ լսում են այդ բանը, զարմանում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։ Եվրոպան էլ գեղեցիկ խոսքեր կասի հայերի հասցեին, բայց ռազմական ուժով երբևէ չի օգնել և չի օգնի (եթե շահ չունի)։

Եվ այսպես, եթե ռուսական բանակը հեռանա Հայաստանից, մենք այս 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հավաքված երեք միլիոն հայերս դեմ հանդիման մնալու ենք մի քանի տասնյակ միլիոնի հասնող մեր հինգ խոշոր հարևանների՝ թուրքերի, պարսիկների, քրդերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։

Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հենց հիմա և միշտ մեզ պատկերացնենք մենակ այս հինգ հարևանների դեմ հանդիման։ Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարևանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք և ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն։ Պատրաստ կլինենք։

Կրկնեմ, որ երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը։ Դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, և դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է։ Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի։

Լուսանկարը՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից։