ԳլխավորԼուր

Մագիստրոսական թեզ. ուղեցույց

Մագիստրոսական թեզը ինքնուրույն հետազոտական, վերլուծական և/կամ կիրառական նշանակություն ունեցող աշխատանք է: Այն արտացոլում է մագիստրանտի՝ տվյալ մասնագիտական ոլորտի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու և ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները, գիտական խնդիրներ բարձրաձայնելու և դրանց համար լուծումներ գտնելու հմտությունները։

Մագիստրոսական թեզը մագիստրոսի կրթական ծրագրի անհատական և ամփոփիչ բաղադրիչն է, հայտնում են ԵՊՀ-ից։

Բոլոր մագիստրանտները մինչև 1-ին կուրսի 1-ին (հեռակա ուսուցման դեպքում՝ 2-րդ) կիսամյակի ավարտը պետք է ունենան թեզի հրամանագրված թեմաներ և ղեկավարներ։

Մագիստրոսական աշխատանքի նախապաշտպանությունն անցկացնում է մասնագիտացնող ուսումնական ստորաբաժանումը (միջամբիոնային հանձնախումբը) ստորաբաժանման և մագիստրոսական ծրագրի ղեկավարների, ինչպես նաև մագիստրանտի գիտական ղեկավարի մասնակցությամբ:

Թեզի նախապաշտպանության ընթացքում գրագողության հայտնաբերման դեպքում աշխատանքը չի թույլատրվում հրապարակային պաշտպանության:

Նշենք, որ գրագողություն է համարվում այլ աղբյուրներից օգտվելը՝ առանց հղման, կամ զգալի չափով որևէ նյութի (տեքստի) կիրառումը:

Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն անցկացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած կարգի:

Թեզի պաշտպանությունն առկա ուսուցման դեպքում անցկացվում է 4-րդ, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ 5-րդ կիսամյակում։

Հրապարակային պաշտպանության ժամանակ գրագողության հայտնաբերման դեպքում աշխատանքը գնահատվում է անբավարար։

Մագիստրոսական թեզը գնահատվում է 20-միավորանոց համակարգով՝ համաձայն սահմանված չափանիշների և դրանց համապատասխան չափորոշիչների: Թեզը գնահատում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ մագիստրանտի պաշտպանության ամբողջ ընթացքին։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվում են ամփոփումից անմիջապես հետո շրջանավարտների ներկայությամբ։

Գնահատման արդյունքների հրապարակումից հետո հանձնաժողովի նախագահը մագիստրանտներին հարցնում է բողոքների առկայության մասին։ Մագիստրանտը գնահատման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո դրանց վերաբերյալ բողոքի առկայության դեպքում դիմում է ներկայացնում հանձնաժողովի նախագահին։

Բողոքարկումը դիտարկվում է, եթե առկա են «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգի ընթացակարգային դրույթների խախտումներ։

Հանձնաժողովի նախագահը դիմումը ստանալուց հետո շրջանավարտին է ներկայացնում հանձնաժողովի անդամների գնահատումների արդյունքները՝ համաձայն սույն կարգում սահմանված չափանիշների և չափորոշիչների։

Գնահատման գործընթացում ընթացակարգերի կիրարկման և գնահատման միավորների հաշվարկման ու ամփոփման սխալների հայտնաբերման դեպքում հանձնաժողովը՝

ա) փոխում է գնահատականը, եթե հայտնաբերված խախտումը կամ սխալն ազդել են գնահատման արդյունքի վրա,

բ) չի փոխում գնահատականը, եթե սխալը կամ թերությունը չեն ազդել գնահատման արդյունքի վրա,

գ) չեղարկում է պաշտպանության արդյունքները, եթե առկա են կարգի ընթացակարգային լուրջ խախտումներ, և անմիջապես կազմակերպում է նոր պաշտպանություն։