Այսօր նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է պարգևատրել օրվա շրջանակում կազմակերպված «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթում հաղթած 12 ուսումնական հաստատություններին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ և ընդգծել բարբառների պահպանման ու հանրահռչակման կարևորությունն այդ համատեքստում.
«Սա առիթ է՝ անդրադառնալու մեր լեզվի հարստությանն ու բազմաշերտությանը և այն դարձնելու առավել տեսանելի նաև հանրային լայն շրջանակների համար»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: «Բարբառը դրա կարևորագույն դրսևորումն է, և բոլորս պետք է հետևողական լինենք՝ պատշաճորեն պահպանելու ոչ նյութական ժառանգության բոլոր տարրերը: Կարևորում ենք, որ ուսումնական հաստատությունները ևս մաս կազմեն այս գործընթացին, առավել ևս, որ բարբառների ուսումնասիրությունը կրթական ծրագրի մաս է: Շատ ենք կարևորում այն արժեքային դրսևորումը, որ ձեռք եք բերել այս մրցույթի համար նախապատրաստվելու ընթացքում»,- ասել է նախարարը և ընդգծել ուսումնական հաստատությունների բարձր մասնակցայնությունը:
Մրցույթն անցկացվել է դպրոցների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող էր ուղարկել մինչև մեկ րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում Արցախի բարբառով ներկայացվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր պարունակող /խոհանոց, ծեսեր, ավանդույթներ, երգ, պար և այլն/ բեմականացում: Ներկայացվել է շուրջ 600 տեսանյութ, որից չափանիշներին համապատասխանել են 300-ը: Հաղթող են ճանաչվել 12 տեսանյութ, որոնք կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության սոցիալական հարթակներում:
Գնահատումն իրականացրել է մրցութային հանձնաժողովը, որում ընդգրկված էին ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից և ԿԶՆԱԿ-ից:
Հաղթող ուսումնական հաստատություններն են.
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց,
- Հայ-չինական բարեկամության դպրոց,
- ՀՀ Սյունիքի մարզի Կապանի արվեստի պետական քոլեջ,
- ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ,
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ,
- ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի միջնակարգ դպրոց,
- ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Վ. Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոց,
- Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց,
- Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց,
- ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 6 հիմնական դպրոց,
- ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց,
- «Երևակ» կրթահամալիր:
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Հայ-չինական բարեկամության դպրոցի և Կապանի արվեստի պետական քոլեջի սովորողները:
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է նաև Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Մեր ու բոլորի Փարաջանովը» մրցույթի հաղթողներին:
