ԳլխավորԽճանկար

Ուսանողական «Սերունդների խռովությունը» Փարիզում՝ 1968-ի մայիսին

«Արգելվում է արգելել», «Պրոլետարներ բոլոր երկրների, զվարճացեք», «Սեքսը հիասքանչ է». ֆրանսիացի ուսանողների այս կոչերը լուրջ չէին ընդունվում, քանի դեռ ցուցարար ուսանողներին չմիացան արհմիությունները. 1968 թվականի մայիսի 6-ին Փարիզում անցկացված Համերաշխության երթին մասնակցեց 20 հազար աշխատավոր։

Հուզումները, որոնք ոչ միայն ուսանողական էին,  Ֆրանսիայում շարունակվեցին ամբողջ մայիս ամսին։ Ցույցերի գագաթնակետին երկրով մեկ գրեթե համազգայն գործադուլների ալիք սկսվեց, որին մասնակցեց 10 մլն մարդ, եւ դա այն դեպքում, երբ ֆրանսիացիների կենսամակարդակը 60-ականներին համարվում էր ամենաբարձրն աշխարհում։ Հուզումների բռնկման պատճառների բացատրությունը կարելի է գտնել երիտասարդական ցուցապաստառներից մեկում. «Ես ունեմ հեռուստացույց, սառնարան եւ «Ֆոլքսվագեն», բայց եւ ապրում եմ ինչպես հիմար»։

***

Իրադարձությունները սրընթաց էին զարգանում։ Դեռ մեկ շաբաթ առաջ երիտասարդների գլխավոր պահանջը հանրակացարաններում տղաների եւ աղջիկների առանձին ապրելու կարգը փոխելն էր, եւ արդեն Սորբոնը գրավվում է ուսանողական «Օկուպացիոն կոմիտե»-ի կողմից եւ արգելվում է դասախոսների մուտքը համալսարան։ Փարիզով մեկ բարիկադներ են կառուցվում, ոստիկանությունը զինվում է արցունքաբեր գազով, փողոցային մարտերոմ հարյուրավոր մարդիկ են վիրավորվում։

Այս համապատկերին ցուցարարներն առաջ են քաշում քաղաքական պահանջներ, որոնց թվում մի ուսանողուհու՝ «Իմ դիակը միայն իմն է» ցուցապաստառն ամնաանմեղն էր։ Իրավիճակն ավելի է սրվում, երբ ուսանողական շարժմանը միանում են ձախ-արմատական ուժերը։

Վերջիններս փորձում են ճնշում բանեցնել իշխանությունների վրա եւ համաշխարհային հեղափոխության կոչերով նույնիսկ հեղաշրջում իրականացնել։ Ֆրանսիայի իշխանությունները դա հասկանալով՝ մոբիլիզացնում են ողջ ոստիկանական ուժերը, հասարակությունն իր հերթին սկսում է սարսափով նայել ձախարմատականների պահանջներին։ Արդյունքում նրանք ոչ միայն հաջողության չեն հասնում, այլեւ կորցնում են իրենց ազդեցությունը եւ հայտնվում քաղաքական իրադարձությունների լուսանցքում։

«Սերունդների խռովությունը», ինչպես հետո այն կկոչեն, այնուամենայնիվ, հաղթեց. 1968-ի մայիսից հետո Ֆրանսիայում բազմաթիվ ազատական քայլեր ձեռնարկվեցին։

Ուսանողները ծայրահեղ հնացած էին համարում կրթական պահպանողական համակարգը, եւ այն ավելի ժամանակակից դարձավ, նրանք սեքսուալ հեղափոխություն էին ցանկանում, եւ 70-ականներին Ֆրանսիայում օրինականացվեցին աբորտները, նրանք ձգտում էին անհատական-անձնային ազատությունների, եւ ազատություններ ստացավ ողջ հասարակությունը։ Մարդիկ հոգնել էին Շառլ դը Գոլի կոշտ նախագահական կառավարումից, եւ պարտված Ֆրանսիային հաղթող երկիր դարձրած նախագահը ստիպված էր հեռանալ…

Usanogh.am

Ըստ radiosputnik.ria.ru

Comment here