ԳլխավորԼուր

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս. Ճրագալույցի պատարագ է

Ճրագ, լամպ

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է, տեղեկանում ենք qahana.am-ից։

Մեկ շաբաթ տեւած Պահքի շրջանն ավարտվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո:

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին:

Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուս:

Մարդիկ միմյանց ողջունում են այսպես. «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տները` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: