ԳլխավորՄի կտոր գիրք

«Պոե՛տ, հեռո՛ւ կաց ծափից ամբոխի, երբ քեզ տիրում է ոգևորություն…». Սմբատ Շահազիզ

Սմբատ Շահազիզ

Ներկայացնում ենք բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ Սմբատ Շահազիզի (17 (05).09.1840) ստեղծագործություններից։

Սևորակ աչեր

Աչե՜ր սևորակ, աչե՜ր սևորակ,
Ձեր մեջ փայլում է մի վառվառ կայծակ.
Դուք իմ սրտիս մեջ կրակ եք թափում,
Դուք եք իմ տերը, ձեզ եմ ես պաշտում։

Սևորա՜կ աչեր, սևորա՜կ աչեր,
Ձեր մեջ տեսնում եմ մի երկնային սեր.
Դորանց սիրելո՜ւ եմ մինչև դագաղ,
Դո՛ցա պետք է ես լինիմ զոհ, մատաղ։

Դուք, սիրո՛ւն աչեր, դուք, քնքո՛ւշ աստղեր,
Սև եք դարձրել իմ պայծառ օրեր.
Դուք մաշում եք ինձ անողորմագին
Եվ չեք խնայում հասակիս ծաղկին։

Շողում եք սիրով, մինչ ի մահ գրավիչ,
Լցվա՛ծ եք շնորհով, հոգեհան աչեր.
Ինչո՞ւ ձեր միջից այդպես կախարդիչ
Թափվում են տաք-տաք բոցեղեն կայծեր։

Քանի՜ սպանիչ ցանում եք վիշտեր,
Սրտիս մեջ անփորձ և դեռածաղիկ,
Քանի՜ տրտմություն, քանի՜ դառն վերքեր՛
Ազդում եք նորան անբույժ, թափանցիկ։

Թափեցե՛ք, ուրեմն, բռնավոր աչեր,
Ձեր ողջ թունավոր նետերն իմ վերա.
Քո՛ղ այրեն, ուտեն իմ կյանքիս թելեր,
Երջանիկ վայրկյան իմ համար չկա։

Քայց կըմոռանա՞մ, կույս դու նազելի,
Այն խաղաղ, պայծառ ժամեր սիրայի,
Երբ մեք ձեռն ի ձեռն, լուսնակ գիշերով
Զրուցում էինք անույշ երգերով։

Երբ ուսիս վերա գլուխդ խոնարհած,
Իբրև մի քնքուշ, սրտակից ընկեր,
Համբուրում էինք միմյանց ցնորված՝
Խոստանալով սեր և ոսկի հույսեր։

Դեռ չէ թառամել քո վարդն ինձ տված,
Ի նշան անմեղ գրկախառնության,
Ինձ դու մոռացար, անգութ, անաստված
Այո՛, մոռացար և պարտք սրբության։

Ազատ մարդ

Մարդ, դու պատկեր ես և նմանություն
Այն վեհ Արարչին, որ խնամում է քեզ.
Սիրիր, ուրեմըն, միշտ ազատություն,
Հոգով անպղտոր, սրտով սուրբ և հեզ։

Նա՛, ո՞վ ազնիվ մարդ, կարող է միայն
Քո կյանք ու վախճան վերհամբարձ առնել .
Նա՛ միայն հոգին քրիստոնեության
Կարո՛ղ է քո մեջ սփռել, ծավալել։

Ազատությունն է կյանք և զորություն,
Թագավոր, իշխան և հարստություն.
Ազատությունը՝ դուստրը սրբության,
Փրկիչ ազգերի, աստված մարդկության։

Նա սեր է մաքուր և երանության հույս,
Առաքինությամբ և շնորհով լի.
Նորա մեջ պայծառ ծավալվում է լույս,
Կաշառել նորան չէ կարող ոսկի։

Նա, որ չէ շնչում սեր ընկերության,
Հարգելով օրենք մեծ և առաջին.
Որին չեն շարժում հուզմունք սրբազան՝
Ազատ չէ նա, այլ սպասավոր դիվին։

Ազատ չէ այն մարդն, որ հասարակաց
Արհամարելով բարեբախտություն,
Ասել է սրտում. «Ի՞նչ գործ անմոռաց,
Փո՛ղ է հարկավոր և հարստություն»։

Այն մարդն է ազատ, որ անձնանվեր
Զոհել է յուր կյանքն ազգին, անխռով,
Որ հա՛րուստներին չէ ծխել խունկեր,
Մարդահաճության տաղեր երգելով։

Ազատ այն հոգին, որին չէ գրավել
Անմիտ ամբոխի ծափահարություն.
Որին բնավին չէ վշտացրել
Կոպիտ մարդերի չարագործություն։

Պոետ

Պոե՛տ, հեռո՛ւ կաց ծափից ամբոխի,
Երբ քեզ տիրում է ոգևորություն.
Նա ծա՛նր ցնորք է մի հիվանդ սրտի,
Մի խախո՜ւտ խելքի թելադրություն։

Դու պաշտոնյա ես վերին սրբության,
Որ նվիրել է Աստված աշխարհին.
Դու պիտի հերքես հասարակության
Կանխամուտ կարծիք, դու սաստես չարին։

Մի՛ մեծարիր դու կուռքը հարստի,
Ոտնակո՛խ արա, փշրի՛ր և անց կաց.
Տաճար Աստուծո՝ հոգին Պոետի,
Թե մամոն իշխեց՝ դժոխք է պղծած։

Եվ այն ժամանակ, երբ քեզ հանեին
Կախաղան կամ սյուն նշավակելի,
Եվ անփառք ճակատդ մրով ծեփեին,—
Արժանի՛ ես դու, թշվա՛ռ, արժանի։

Ահա՛ ձիթենին կանաչ ճյուղերով՝
Շնորհակալ սրտի զոհաբերություն.
Պոե՜տ, զարդարիր ճակատդ նորանով,
Թ՛ե սիրել ես ազգդ և արդարություն։

Ահա՜ երջանիկ առաջին Հայեր
Քեզ շիրիմներից ողջույն են տալի.
Ահա՛ գալոցքի հեռավոր թոռներ
Երդում են սաղմոս գործիդ պատվելի։

Օծյա՛լ Աստուծո, եղիր դու թարգման
Այն մեծակշիռ գաղափարների,
Որ կարող էին անունդ անսահման
Դարերին բաշխել, փառք կնքել բարի։

Ո՞վ են մեր օծյալք։ Բայց լեզու, լռի՛ր,
Ո՞ւմ հետ է քո խոսք, ունա՜յն քո խրատ.
Միայն բամբասանք, միայն ախտակիր
Հիշոցք որպես ծով կըթափվի՛ն վերադ։

Նստած են նոքա բորբոսած բանտում
Տաղաչափության։ Հուսահատություն
Ուտում է նորանց։ Լո՛ւյս չէ թափանցում
Այդ մեռած կամքի գերեզմանատուն։

Լուծվե է է, լուծվե՛լ նոցա խելքն իսպառ,
Ո՞ւր բժիշկ հմուտ, որ առնե մի ճար:
— Խթան զարթուցիչ և ճշմարտություն,
Սո՛ւր որպես նշտար, կծո՛ւ որպես թույն:

Զոհեր

Մեռավ իմ մուզան, հանգավ և կրակ,
Անտառը լցվեր չոր տերևներով.
Երկինքը ծածկվեց, փախավ արեգակ,
Այլ եա չե՛մ ապրում ուրախ երգերով։
5Եվ աստեղազարդ բոլորակ գմբեթ,
Եվ արծաթափայլ ջրերի խոխոջյուն
Այլևս չեն խոսում բանաստեղծի հետ,
Եվ ոչ այցելում ավերված իմ տուն։
Այժմ ինձ մնար միայն փշրանքներ,
Մայր մտավ ահա և նշույլ վերջին.
Հանում եմ զրահս, և՛ զեն, և՛ զարդեր,
Հանձնում եմ դրանց մանուկ սերնդին։

Բայը թող հայկական որդիքն իմանան,
Որ իմ սուգս նոցա՝ վիճակն է եղել.
Որ երբեք վախլուկ զինվորի նման
Թշնամուս առջև վահան չեմ ձգել։
Չեմ երկրպադել ես ոսկի հորթին,
Եվ ոչ կուռքերին պաշտել օտարի.
Այլ միշտ հոգևոր կարոտ ծարավի,
Տվել եմ արժանն ամեն մի մարդին։
Չեմ տաշել դագաղ, ուր մատաղ կյանքի
Կանաչ ծառի պես ծաղկել են հույսեր.
Սրսկել եմ դորանց ջրով կենդանի,
Որ գալուց ազգին լինեն պտղաբեր։

Եվ հոգուս վերա այսօր իսկ խավար
Կիտվել է որպես մըրըրիկ ծովի.
Չորս կողմս ծիծաղ, և՛ խնջույք, և թառ,
Բայց ահա և ձայն կալանավորի…
Մաշված ու դեղնած դիակի նման
Լախտեր շափելով մորթեզերծ մեջքին,
Քաշո՞ւմ են նորան դեպի կախաղան,
Քաշո՛ւմ են անպարտ, անմեղ Հիսուսին։
«Ազա՛տ Բարաբբա, գող և ավազակ.
Ազատ և Օսման, — վճռեց Եվրոպա. —
Խեղդեցն՛ք դրան, ջարդեցե՛ք կզակ,
Որ այլևս մեզ բողոք չըկարդա»։

Եվ թող հայկական որդերն իմանան,
Որ և այժմ, կանգնած հայրենյաց շեմքին,
Լարում եմ ջղերս, որ չըթուլանան
Դիմակաց լինել ահեղ փոթորկեն։
Քշտի՛ր կռներդ, կտրիճ աննման,
Ա՛ռ սուր, հրացան, քլունգ ու կացին,
Դժվար ճանապարհն անցիր անսասան.
Աջ ու ձախ քանդի՛ր, թե որ արգելք կան։
Ահա՛ նորածին և մանուկն եկավ
Սուրբ ազատության տաճարին ընծա.
Մանուկ Հայաստան տեղից շարժվեցավ,
Դիմեց համարձակ դեպի Գողգոթա։

Եվ գարնանային ծաղկազարդ դաշտեր
Փոխվեցին կարմիր, կապույտ, ծիրանի.
Կարմիր փոխվեցին ծովի ալիքներ,
Տաշտախիլ դարձավ այգին հայրենի։
Ո՜հ, մի՛ վախենաք, թե նահատակի
Գլուխը թռավ դահճի երկաթով.
Կըգա ժամանակ, երբ հաղթանակի
Նա երգ կըհնչե դափով, ծնծղայով.
Կըգա ժամանակ, երբ ամեն մի դուռ,
Անկած իր առջև թարմ արմավենին,
Փառավոր նորան կըկանգնե մատուռ
Եվ անուշահոտ զոհերի բադին։

Ահա՛ նորածին և մանուկն եկավ
Սուրբ ազատության տաճարին ընծա.
Մանուկ Հայաստան տեղից շարժվեցավ,
Դիմեց համարձակ դեպի Գողգոթա։

Հենց նահատակի սուրբ ոսկրներից
Նոր լույս է ծագում աշխարհիս վերա.
Հենց Գողգոթայի լերան կատարից
Կանգնեց նոր աստված, և անմեղ արյուն
Տարավ վարդագույն նոր պսակ փշյա.
Այսքա՛ն հաղթող է արյան զորություն։

Հյութ աստվածեղեն, հեղուկ լուսեղեն,
Եվ ծիրանածին դրոշ փրկության,
Քո ամեն մի շիթն, ամեն մի հյուլեն
Նոր դար է կազմում ստրուկ մարդկության։
Եվ ամուր բանտեր, քարե պարիսպով,
Գիտես սաստկությամբ թավալել գետին,
Լեռներ և դաշտեր ողողել ծովով,
Վանդակից հանե՛լ անճար թշվառին։

Ահա՛ նորածին և մանուկն եկավ
Սուրբ ազատության տաճարին ընծա.
Մանուկ Հայաստան տեղից շարժվեցավ,
Դիմեց համարձակ դեպի Գողգոթա

Փայլեց արևելք նոր արշալույսով,
Անհետ չքացավ և ժանգն հնության.
Նորոգման ոգին, կյանք ավետելով,
Արյունից կռեց պսակ հաղթական,
Նահատակները փռվեցին գետնին,
Գետինը կակղեց նոր սերմի համար.
Նոր գործը մնաց առողջ սերնդին.
Եվ այսուհետև առա՜ջ անդադար։
Ազգ ապահության հրաշալի շինված։
Արարող բազկով շինել սկսավ
Գեղեցիկ, որպես ազատն ինքն Աստված,
Ահա՛ լուսածին և մանուկն եկավ։