Ընտանեկան կյանքը մի ամբողջ գիտություն է, որը «չեն անցնում» ոչ դպրոցում, ոչ ինստիտուտում։ Ու շատ հաճախ ամուսնության շեմին հայտնված երիտասարդները գաղափար անգամ չեն ունենում ընտանիք կազմելու եւ այն պահպանելու վերաբերյալ։ Օգնության են հասնում ծնողները, տատիկ-պապիկները, ընկեր-ընկերուհիները՝ յուրաքանչյուրը կյանքի ու ընտանիքի մասին իր ուրույն պատկերացումներով ու խորհուրդներով։ Ու այդ ժամանակ երիտասարդներն ակամա սկսում են մտածել. «Իսկ պե՞տք է ինձ նման ընտանեկան կյանք»։
Պատճառնեից մեկն էլ այն է, որ ընտանեկան հարաբերությունների մասին գոյություն ունեն բազմաթիվ կարծրատիպեր, որոնք պետք է հաղթահարել մինչեւ ամուսնանալը։
Ռոմանտիկայի կորուստ
Բազմաթիվ երիտասարդներ վստահ են՝ ամուսնությունից հետո հարաբերությունները կորցնում են իրենց վառ գույները, ռոմանտիզմն արագ հօդս է ցնդում, իսկ կյանքը վեր է ածվում ձանձրալի տանջանքի։ Այս առասպելը ստեղծվել է նրանց կողմից, ովքեր կարծում են, թե ամուսնությունը սառցասարի գագաթն է։ Նորաթուխ ամուսինները միամտորեն կարծում են, որ եթե արդեն ամուսնացել են, արդեն հասել են իրենց նպատակին, եւ ուրեմն այլեւս պետք չէ որեւէ ջանք գործադրել հարաբերությունները պահպանելու կամ զարգացնելու ուղղությամբ։
Այս մտայնությունը կարող է տխուր արդյունքի հանգեցնել, քանի որ ամուսինները աստիճանաբար կսկսեն հիասթափվել թե ամուսնությունից, թե միմյանցից, ու այդ կարծատիպն իրականության կվերածվի։ Դրանից խուսափելու համար պետք է նախօրոք հետեւություններ անեք ու ինքնահոսի չմատնեք ընտանեկան հարաբերությունների ընթացքը։ Զարգացրեք ձեր հարաբերությունները, փորձեք ավելի մոտիկից ճանաչել միմյանց, նոր երանգներ մտցրեք ձեր շփումներում ու առիթ մի բաց թողեք՝ ձեր ընտրյալի համար հաճելի ինչ-որ բան անելու։
Ազատության սահմանափակում
Բազմաթիվ տղամարդիկ ու կանայք չեն ցանկանում ամուսնանալ, քանի որ կարծում են, որ ամուսնու (կնոջ) հայտնվելու հետ կսահմանափակվի իրենց անձնական ազատությունը։ Դա եւս հերթական կարծրատիպն է, չնայած բազմաթիվ են այն ընտանիքները, որտեղ համընդհանուր հսկողության է ենթարկվում ամուսնու (կնոջ) վարքագիծը։ Սակայն այն ընտանիքներում, որտեղ սիրում ու հարգում են միմյանց, այդպիսի անազատության մասին չի կարող խոսք անգամ լինել։
Ավելի հավանական է, որ նորաթուխ ամուսիններն իրենք կսահմանափակեն իրենց ազատությունը, եթե տեսնեն, որ դա խանգարում է դիմացինին կամ խաթարում է ընտանեկան անդորրը։
Չպետք է շփոթել նաեւ պարտականությունը անձնական ազատության նկատմամբ կատարվող «ոտնձգության» հետ. փոխադարձ հարգանք, փոխհամաձայնություն, կենցաղային հարցերի համատեղ լուծում, երեխաների դաստիարակություն՝ եթե ընտանեկան այդպիսի պարտականությունները վեր են ձեր ուժերից, ուրեմն դուք դեռ պատրաստ չեք ամուսնության։
Պարտականությունների հստակ բաշխում
Ընտանեկան կյանքի վերաբերյալ կարծրատիպերից մեկի համաձայն՝ ընտանիքում պետք է պարտականությունների հստակ տարանջատում լինի։ Այո, դա ճիշտ է, սակայն շատերը դա մեկնաբանում են միայն այսպես՝ կինը պետք է կերակուր պատրաստի ու տունը մաքուր պահի, իսկ ամուսինը պետք է աշխատի ու փող բերի։ Իսկ ո՞վ է ասում, որ դա ամենաճիշտ ու միակ տարբերակն է։ Դերաբաշխման տարբերակները կարող են շատ բազմազան լինել, ու եթե ասենք տղամարդը օգնի կնոջը՝ տնային գործերում կամ կինը իր լուման ներդնի ընտանեկան բյուջեում, դա դեռ չի նշանակում, որ այդ ընտանիքում տղամարդը կամ կինը իրենց տեղում չեն։
Երեխաները կօգնեն խուսափել ապահարզանից
«Երեխայի ծնվելուց հետո բոլոր վեճերը կվերանան, իսկ մեր հարաբերությունները կամրապնդվեն». այսպիսի կարծիք ունեն հիմնականում կանայք ու շատ քիչ թվով տղամարդիկ։ Սակայն իրականում ամեն ինչ հակառակն է լինում։ Երեխայի ծնունդը փորձություն է ընտանիքի համար։ Մեծանում է պատասխանատվությունը, նոր պարտականություններ են ի հայտ գալիս, ու նախկին հիմնախնդիրները կարող են ավելի սուր զգացնել տալ։
Կանայք կարծում են նաեւ, որ փոքրիկի հայտնվելու հետ կփոխվի ամուսնու բնավորությունը, ու նա ավելի հոգատար եւ ուշադիր կդառնա։ Սակայն դա եւս կարծրատիպերի շարքից է։ Հոգ տանելով ձեր ընտանիքի ամրության եւ բարեկեցության մասին հիշեք, որ երեխան ընտանիքի լիիրավ անդամ է, այլ ոչ թե փրկարար սոսինձ, որով կարելի է վերանորոգել հարաբերություններում հայտնված ճաքերը։
usanogh.am
Ըստ svadbagolik.ru-ի
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։