ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Կապանում և Մեղրիում «Արմաթ» լաբորատորիաներ են բացվել

Կապանում և Մեղրիում «Արմաթ» լաբորատորիաներ են բացվել

Կապանի 7-րդ հիմնական և Մեղրիի 2-րդ միջնակարգ դպրոցներն արդեն ունեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։

Լաբորատորիաները հիմնվել են Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:

Սյունիքի մարզում պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի ղեկավարած պատվիրակությունը, մարզի և համայնքին իշխանության ներկայացուցիչներ, պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը, ինչպես նաև «Արմաթ» լաբորատորիաների և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները։

Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը բացմանը նշել է, որ կրթության մակարդակի բարձրացման համար կարևոր է, որ մեր երեխաները կարողանան սովորել նման առաջատար լաբորատորիաներում։

«Ծրագիրը հնարավորություն է պատանիների համար յուրացնել ժամանակակից մասնագիտություններ, որոնք նոր հնարավորություններ և հեռանկարներ կբացեն մարզերի համար: Լաբորատորիաներում սովորում են ոչ միայն տվյալ դպրոցի, այլև այլ ուսումնական հաստատությունների աշակերտները։ Մենք միշտ իրականացնում ենք մեթոդական աջակցություն, կազմակերպում ցուցահանդեսներ և մրցույթներ աշակերտների համար»,-նշել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

«Նման նախագծերը ոչ միայն կընդլայնեն երեխաների մտահորիզոնը, այլև կօգնեն ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Մեր ժողովուրդները պատմականորեն կապված են դաշնակցային ամուր կապերով։ Մենք հաճույքով փոխանակում ենք մեր փորձն ու գիտելիքները, ուստի հումանիտար ոլորտում ցանկացած նախագծի միշտ աջակցում և աջակցելու ենք»,-նշել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։

«Ուրախ ենք, որ այժմ երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և մաթեմատիկային՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով և գեղեցիկ կահավորված միջավայրում:  Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում որակյալ լրացուցիչ կրթության տրամադրմանը և վստահ ենք, որ լաբորատորիաները կարևոր ներդրում կունենան այդ գործում»,-ավելացրել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Միջոցառմանը կարևորվել է նաև հայ-ռուսական գործակցության շրջանակում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում դպրոցականների համար կրթական հնարավորությունների ստեղծումը բարձր տեխնոլոգիական ոլորտում։

Հիշեցնենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011-ից նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: «Արմաթ»֊ը ոչ ֆորմալ տեխնոլոգիական հայկական ազգային կրթական ծրագիր է՝ միտված վաղ տարիքից հասանելի դարձնել ճարտարագիտական ուսուցումը և ուժեցացնել դպրոցների բնագիտական առարկանների դասավանդման գիտելիքները։ 2023-ին Հայաստանում (այդ թվում Արցախում), Վրաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ֊ում, Քուվեյթում և Բանգլադեշում գործում է 640-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ շուրջ 17,200 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Ծրագրի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ։