ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

ԵՊՀ ուսանողները շարունակում են ուսումը Սաարլանդի համալսարանում

Լաբորատորիա, ուսանողներ

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողներ Լուսինե Դավթյանը և Լիլիթ Բաղդասարյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում այժմ ուսումը շարունակում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ Սաարլանդի համալսարանում։ Ysu.am-ի հետ զրույցում նրանք պատմել են իրենց հաջողությունների մասին։

Որպես «Էրազմուս+»-ի շահառուներ՝ ԵՊՀ ուսանողները ստանում են ամենամսյա կրթաթոշակ՝ կեցության կարիքները հոգալու համար։ Այժմ նրանք բնակվում են Սաարլանդի համալսարանի հանրակացարանում, որի պայմանները շատ հարմարավետ են. գլխավոր առավելությունն այն է, որ յուրաքանչյուր ուսանողի սենյակ ունի խոհանոց և սանհանգույց։ Հանրակացարանը գտնվում է համալսարանի հարևանությամբ։

«Սաարլանդի համալսարանը մի շարք առավելություններ ունի, որոնցից կընդգծենք ամենակարևորը. այն հնարավորություն է ընձեռում նոր գիտելիքներ ձեռք բերելու և դրանք կիրառելու՝ ժամանակակից սարքավորումներով հետազոտություններ կատարելու համար»,- պատմեցին նրանք։

Ուսանողներն ընդգծել են արտերկրում ուսումնառության ընթացքում հանդիպած մի շարք դժվարություններ, օրինակ՝ անծանոթ միջավայրը, ապրելակերպը, որը, սակայն, դիտարկում են նաև որպես առավելություն, քանի որ այն ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ է տալիս։

Լուսինեն ու Լիլիթը պատմել են Գերմանիայի մի շարք տոների մասին՝ նշելով, որ իրենց համար խորթ է մեծ շուքով և տոնակատարություններով անցկացվող Halloween-ը։

Խոսելով իրենց առօրյայից՝ ուսանողները զարմանքով պատմել են, որ Գերմանիայում կիրակին ոչ աշխատանքային է բոլորի՝ այդ թվում խանութների և սպասարկման այլ ոլորտի աշխատակիցների համար։

Նրանք անդրադարձել են նաև արտերկրում ուսումնառության դրական կողմերին. «Որպես այս քաղաքի ժամանակավոր բնակիչներ՝ քաղաքապետարանը յուրաքանչյուրիս նվիրել է գրքույկ, որի մեջ կան տարբեր տոմսեր՝ հետաքրքիր և օգտակար ժամանցն ապահովելու համար։ Օրինակ՝ այդ տոմսերով մենք հնարավորություն ենք ունենում անվճար այցելելու քաղաքի պատմամշակութային վայրեր, կենդանաբանական այգի, կինո, օպերա և այլն»։

Լուսինեն ու Լիլիթը, իրենց փորձառությունից ելնելով, բոլոր այն ուսանողներին, որոնք ցանկանում են մասնակցել արտերկրում ուսումնառության փոխանակման ծրագրերին, խորհուրդ են տալիս անպայման դիմել, կատարել փորձի փոխանակում և ձեռք բերել նոր գիտելիքներ, որոնք հետագայում կարող են ծառայել ի նպաստ մեր երկրի բարօրության:

Comment here