Գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը «Գրական թերթ»-ում անդրադարձել է հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգին։
Նախ՝ Հայեցակարգին թռուցիկ ծանոթացումից անգամ աչքի է զարնում շարադրանքում սրբագրական բացթողումների առատությունը, ինչը, մեղմ ասած, հարիր չէ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական էջում հրապարակված ու նաև լեզվի ու գրականության մասնագետների քննարկմանը ներկայացված Նախագծին։
Երկրորդ՝ Նախագծի հրապարակումից հետո անցած օրերին եղել են բազմաթիվ դիտողություններ, առաջարկներ՝ առանձին բացթողումների, թերությունների, դրանք լրացնելու ուղիների և միջոցների մասին (և, ինչպես հայտնի է, դրանց մի մասը նաև ընդունվել է հանձնաժողովի կողմից)։ Բայց մեր կարծիքով, որևէ Հայեցակարգի մասին խոսելիս առավել կարևոր են դիտարկումները հիմնարար ու համակարգային խնդիրների վերաբերյալ, որոնցից և բխում են առանձին հարցերն ու հարցադրումները։
Եվ ուրեմն, ո՞րն է ներկայացված Հայեցակարգի արդիականությունը, այլ խոսքով՝ ստեղծման ազդակը, պատճառը։ Հայեցակարգում այն հիմնավորվում է «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացմամբ», ինչի արդյունքում «բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով։ Ահա այդ է պատճառը, որ հանրակրթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»։
Որ կրթական համակարգն ընդհանրապես և հայոց լեզվի ու գրականության ուսուցումը մասնավորապես կարիք ունեն անընդհատ թարմացվելու՝ ժամանակի մարտահրավերներին համապատասխան, վիճարկելի չէ, բայց անհասկանալի է, թե այստեղ ի՛նչ որոշիչ դեր են խաղում «տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումն» ու որոշ մասնագիտությունների հնարավոր ռոբոտացումը։ Ի դեպ, մեզնից շատերը լավ հիշում են դեռևս անցյալ դարի 60-70-ական թվականներին ծայր առած բուռն քննարկումները, այսպես կոչված, գիտատեխնիկական հեղափոխություն-գրականություն փոխհարաբերությունների շուրջ, բայց դա չբերեց, և իմաստ էլ չուներ, ազգային գրականությունների ուսուցման նոր հայեցակարգի ստեղծման անհրաժեշտություն՝ դրականորեն ազդելով միայն գրողի ստեղծագործական մտածողության զարգացման վրա։ Ուստի՝ չենք կարծում, որ այսօր ևս ազգային լեզու և գրականություն մասնագիտություններին սպառնում է ռոբոտացման վտանգը։ Թեև, անկեղծ ասած, Հայեցակարգում դրան նպաստող որոշ հանգամանքներ կան։
Այնուհետև. գրականության ուսումնասիրությունը առաջարկվում է կառուցել երեք սկզբունքների հիման վրա.
1. Ժողովրդավարական, երբ «սովորողը մասնակցում է ուսումնառության պլանավորմանը և դրա իրականացման գործընթացին»։ Այսինքն՝ ինչպես նշվում է արդեն հետագա բացվածքներում, աշակերտներն իրենք են ընտրում (երբեմն ուսուցչի հետ միասին), թե թեմատիկ առաջարկվող ցանկից ո՛ր հեղինակի ո՛ր ստեղծագործությունն են ուզում ուսումնասիրել (սովորաբար ցանկերում առաջարկվում է դասական ու ժամանակակից հայ և համաշխարհային գրականության մի քանի նմուշ)։ Այս պահին չենք անդրադառնա այդ խնդրին ավելի մանրամասն, քանզի հեղինակների և գործերի ընտրության չափանիշների մասին այստեղ դեռ կխոսվի։ Թեև պարզ չէ, թե որքանով է արդյունավետ այդ կարևոր խնդիրը աշակերտներից յուրաքանչյուրի հայեցողությանը թողնելը (դասարանում կարող են կարծիքները տարբերվել, ուրեմն ի՞նչ՝ քվեարկությո՞ւն պիտի անցկացվի…):
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։