ԳլխավորԿրթությունՀեռավար կրթություն

«Անցում ամբողջովին հեռավար կրթության չի լինի». Լոմոնոսովի անվ. համալսարանի դեկան

«Ես այդպիսի համակարգի կողմնակից չեմ։ Հիմա խոսում են, որ ահա կորոնավիրուսը կվերջանա, եւ բոլորը կանցնեն հեռավար-առցանց ուսուցման։ Կարծում եմ՝ դա տեղի չի ունենա»,-այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի՝ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Վլադիմիր Միրոնովը «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Այսօր «Ֆեյսբուքում» գրել եմ. «Կուզեի տեսնել Սոկրատեսին, ով զրուցում է ինչ-որ մեկի հետ եւ հանկարծ «կախվում է», քանի որ ինտերնետի արագությունը փոքր է»»,-նշել է Միրոնովը՝ անդրադառնալով հեռավար կրթության դերին համալսարանի կյանքում համաճարակից հետո։

Կրթությունը երկխոսություն է, կարծում է դեկանը եւ նշում, որ դասախոսության ժամանակ ինքը տեսնում է յուրաքանչյուր ուսանողի հայացքը եւ դրանով է կողմնորոշվում, թե ինչպես են ընդունում նրանք այն, ինչ լսում են։

«Ինձ հաճախ առարկում են՝ ուսանողը դասախոսության ժամանակ քնում է։ Փոխարենը հեռավար կրթության ժամանակ ես կարող եմ դասախոսություն կարդալ ու տեսնել էկրանի դատարկ պատուհաններ ու չիմանալ, թե այդ պահին ուսանողն ինչ է անում»,-նշում է Միրոնովը։

Այս օրերին ուսանողներին եւս չի բավականացնում կենդանի երկխոսությունը, քանի որ կրթությունը ոչ միայն տեղեկատվության փոխանցում է, այլեւ ուսուցում՝ տեղեկատվությունն ընտրելու վերաբերյալ։ Ըստ Միրոնովի, պետք չէ այդ մասին հատուկ խոսել կամ դաստիարակության դասեր անցկացնել, բայց կարելի է մարդուն դաստիարակել կրթության միջոցով։

Ընդհանրապես, համադրումը միշտ ավելի լավ է, քան ինչ-որ բանի բացարձականացումը, կարծում է փիլիսոփայության ֆակուլտետի դեկանը եւ նշում, որ իր կարծիքով՝ անցում ամբողջովին հեռավար կրթության չի լինի, այլ կլինեն թե′ դասախոսությունները, թե′ ավանդական գրքերը, թե′ առցանց կրթությունը, եւ այդ բոլորի համադրությունը միայն կնպաստի որակյալ կրթության կայացմանը։

Ի դեպ, այսօր Լոմոնոսովի անվան համալսարանում դասերի սկսման 265-ամյակն է։ Առաջին տարիներին բոլոր ուսանողներն իրենց ուսումնառությունը սկսում էին հենց փիլիսոփայության ֆակուլտետում, որտեղ բնագիտական եւ հումանիտար հիմնարար գիտելիքներ էին ստանում։

 

 

 

Comment here