Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԿրթություն

Օքսֆորդի համալսարան

Օքսֆորդի համալսարան

Օքսֆորդի համալսարանը (անգլ.՝ University of Oxford, ոչ պաշտոնական Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա) տեղակայված է Օքսֆորդ քաղաքում՝ Օքսֆորդշիր դքսությունում, Լոնդոնից 90 կմ հեռավորության վրա։ Զբաղեցնում է 45,6 քառակուսի կմ տարածք։ Այն աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է (ամենահինը համարվում է Բոլոնիայի համալսարանը Իտալիայում, հիմնադրված 1088 թվականին) եւ առաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը։

Համալսարանի հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, թեև որոշ փաստերի համաձայն՝ այստեղ դասախոսում էին դեռևս 11-րդ դարում (1096 թ.)։

Համալսարանն ունի իր գույնը՝ մուգ կապույտը, ինչպես նաև իր զինանշանը, որի վրա լատիներենով գրված է «Աստված է իմ լուսավորությունը»Dominus Illuminatio Mea»)։

Օքսֆորդը ոչ միայն ուսումնական մեծ կենտրոն է, այլև գիտահետազոտական հսկայական կառույց, որտեղ կան 100-ից ավելի գրադարաններ (12 մլն գիրք) ու 1000-ից ավելի գիտահետազոտական լաբորատորիաներ։ Համալսարանն ունի 38 մասնագիտական դպրոց և հանրակացարանային 6 համալիր։

Համալսարանում սովորում է շուրջ 20 հազար ուսանող, որոնց գրեթե մեկ երրորդն արտասահմանցի է։ Այդ թիվը կտրուկ աճում է ամռանը, երբ բացվում են ամառային դպրոցները։

Նշանավոր շրջանավարտներից են Մեծ Բրիտանիայի 26 վարչապետ, այդ թվում՝ Մարգարետ Թետչերը եւ Թոնի Բլեերը, Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին, ինչպես նաեւ Նոբելյան 26 մրցանակակիր։

Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-ի ցանկում 4-րդն է։

Ինչպես դիմել 

Հայտ ներկայացնելու ուղեցույցը՝ այստեղ, այն լրացվում է UCAS միասնական պորտալում։ Դիմորդը պետք է բարձր գնահատականներ ունենա եւ գերազանց տիրապետի անգլերենի։ Նա չի կարող միաժամանակ դիմել Օքսֆորդի ու նրա  հավերժական մրցակից Քեմբրիջի համալսարաններ։

Հայտը ներկայացնելու վերջնական ժամկետը հոկտեմբերի 15-ն է։ Արդյունքները հրապարակվում են հաջորդ տարվա կեսերին։

Օքսֆորդում ուսուցումը վճարովի է՝ տարեկան 15-22 հազար ֆունտ ստեռլինգ։ Բացի դա, մոտ 8 հազար ֆունտ ստեռլինգ կազմում են կեցության տարեկան ծախսերը։

Կրթաթոշակների համար կարելի է դիմել այստեղ։

Հասցեն՝ Oxford OX1 2JD, Մեծ Բրիտանիա

Կայքը՝ http://www.ox.ac.uk/

 

 

 

Comments (1)

  1. […] միավոր 100-ից), Քեմբրիջի համալսարանը (99.2), Օքսֆորդի համալսարանը (98.9), Հարվարդի համալսարանը (98.3), Սթենֆորդի համալսարանը […]

Comment here