Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Այս մասին հայտնեցին նրա պաշտպանները։
Ծառուկյանը ժամանել է ԱԱԾ։ Հավաքվածներին նա ասաց, որ արդեն գիտեր որոշման մասին, այդ պատճառով դատարան չի գնացել ու միանգամից եկել է ԱԱԾ։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը նշեց, որ թեև որոշումն արդեն ստացել են, սակայն չեն ծանոթացել բովանդակությանը. «Բայց որոշումը միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում: Որոշումն ակնհայտորեն անօրինական էր: Միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրանք առաջադրելը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելը հակասում է եվրոպական արժեքներին համահունչ որոշում չէ: Կալանքը որպես երևույթ պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել էր և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Հոնիսի 16-ին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան կալանավորելու համար։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։