ԳլխավորԼուր

ԵՊԲՀ կլինիկական օրդինատորը հաջողությամբ մասնակցել է միջազգային համաժողովի

Ամիսներ առաջ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Սանկտ֊Պետերբուրգի Ալմազովի անվան Ազգային բժշկալան հետազոտական կենտրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում մայիսի 18-21-ը կազմակերպված երիտասարդ բժիշկների միջազգային համաժողովին մասնակցած ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ռևմատոլոգիա մասնագիտության 2֊րդ կուրսի կլինիկական օրդինատոր Սվետլանա Հարությունյանի կլինիկական դեպքը հաղթող ճանաչվեց իր մասնագիտության մեջ։

«Ալմազովի անվան երիտասարդական բժշկական ֆորում» միջոցառման շրջանակում, 20 տարբեր մասնագիտությունների ոլորտում պատվիրակները` ուսանողները և կլինիկական օրդինատորները զեկույցներ են ներկայացրել:

Սվետլանա Հարությունյանը ռևմատոլոգիայի ոլորտում ներկայացրել է զեկույց «Պարբերական հիվանդության և Շեգրենի հիվանդության զուգակցումը: Կլինիկական դեպք» թեմայով:

«Զեկույցից հետո ժյուրիի անդամները բավականին հետաքրքրված էին ու հղեցին բազմաթիվ հարցեր: Նախընտրական փուլի մասնակիցներից ընդամենը 6 մասնակից անցել է եզրափակիչ փուլ, ում հրավիրել են ներկայացնելու իրենց աշխատանքը: Եզրափակիչ փուլում զբաղեցրել եմ 2-րդ տեղը: Շնորհակալ եմ իմ ղեկավարին՝ Քնարիկ Գինոսյանին, իր անչափ նվիրումի համար: Նա ջանք ու եռանդ չի խնայել իմ կայացման հարցում»,- նշում է կլինիկական օրդինատորը:

Հպարտ է, որ հավուր պատշաճի ներկայացրել է աշխատանքը բարձր հարթակում` շեշտադրելով Երևանի պետական բժշկական համալսարանի մրցունակ լինելը:

Նշենք, որ բժշկական բուհը համաժողովում ներկայացնող մասնակիցը ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից է: Նա ԵՊԲՀ կարիերայի Կենտրոնի կողմից կազմակերպվող «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի շրջանավարտ է և այդ ծրագրի աշխատանքային խմբի անդամ:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են ՌԴ առաջադեմ մասնագետների կողմից զեկույցներ, հետազոտություններ, մասնագիտական փորձի փոխանակման դասընթացներ: