Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով:
Բրոնզե մեդալին արժանացել է Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե զույգը Ֆինլանդիայից: Մեդալի համար պայքարում էր նաև Գոհար Հարությունյան-Գոռ Խաչատրյան զույգը:
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ավելի վաղ շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում ոսկի մեդալ էր նվաճել ու 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Լիլիթ Մկրտչյանը, իսկ շարժվող թիրախ նորմալ վազքի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկի ու արծաթ էին նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




