ԳլխավորԼուր

Բալային համակարգ. որ խախտման համար եւ քանի բալ կկորցնի վարորդը

2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը՝ տեսասարքերի արձանագրած խախտումների դեպքում։ 2020-ի սեպտեմբերից համակարգը կգործի նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների արձանագրած խախտումների դեպքում։

Հաշվի առնելով, որ ուսանողների շրջանում բազմաթիվ վարորդներ կան, կրկին ներկայացնում ենք, թե որ խախտման համար ինչ տույժեր են նախատեսված։

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Ստորև ներկայացնում ենք նախատեսված այն խախտումները, որոնք վարորդներին կզրկեն տարեկան միավորներից։

• Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 123.5-1.1)

• Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր: (Հոդված. 123.5-5)

• Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124-2)

• Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124-5)

• Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124-6)

• Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124-8)

• Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124-9)

• Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124-14)

• Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124-17)

• Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124-18)

• Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր: (Հոդված. 124- 21)

• Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր: (Հոդված. 124-22)

• Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր: (Հոդված. 124-23)

• Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: (Հոդված. 124 – 6)

• Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124.3-1)

• Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ–ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124.4-2)

• Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ–ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր: (Հոդված. 124.4-3)

• Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր: (Հոդված. 124.4-4)

• Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր: (Հոդված. 124.6-1)

• Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր: (Հոդված. 126-1)

Հայաստանում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր տարի տրվում է 9 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:

Վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:

Հավելենք, որ խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձեւով` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` 6 ամիս ժամկետով: Վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով: Պարբերաբար խախտումը համարվում է՝ 1 տարվա ընթացքում 3 եւ ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:

Տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 եւ պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն, որը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր։ Այս հնարավորությունից վարորդները կարող են օգտվել տարին մեկ անգամ։

Վարորդները պետք է ուշադիր լինեն, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար են ածում ոստիկանության պաշտոնատար անձինք` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում տուգանային միավորների չափի մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով, ինչպես նաև այդ որոշման մեջ պարտադիր նշվում է անձին տվյալ տարում տրված միավորների մնացորդի չափը։

Comments (1)

Comment here