Նախորդ տարվա պես այս տարի ևս դիմորդները ավելի շատ հանձնելու են անգլերեն առարկայից քննություններ. այդ թիվը 5491 է: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
«Եթե համեմատենք նախորդ տարվա թվերի հետ, կարող եմ ասել, որ համարյա չի փոխվել: Հունվարին տեղի ունեցած միասնական քննությունների առաջին փուլում անգլերենից քննություն հանձնել է 3080 հոգի»,-ասաց Նասիբյանը՝ նկատելով, որ ոչ բոլոր մարզերում է այդպես, որ անգլերեն քննություն հանձնողների թիվը ամենաշատը լինի: Օրինակ, Գեղարքունիքի մարզում «Հայոց լեզու» հանձնողների թիվն ավելի շատը է, քան «Անգլերեն» հանձնողների թիվը, նույնը նաև Լոռիում, Տավուշում, Շիրակում, Վայոց Ձորում:
Հիշեցնենք, որ հանրապետությունում հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։ Քննություններին այս փուլում մասնակցելու է 13 հազար 456 դիմորդ։