Կենսաթոշակային բարեփոխման դեմ մարտի 23-ին տղի ունեցած 9-րդ համազգային գործադուլի ժամանակ ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 200-ի, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենին։
«Ֆրանսիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել, որոնցից 103-ը՝ Փարիզում, այդ թվում՝ «պետական իշխանությամբ օժտված անձանց նկատմամբ բռնի գործողությունների» կամ հրկիզումների համար», – հայտնում է հեռուստաալիքը։
Փարիզում մոտ 1,5 հազար ցուցարար վնասներ են հասցրել վարչական շենքերին, հարձակվել են իրավապահների վրա՝ նրանց դեմ «Մոլոտովի կոկտեյլներ» և սալաքարեր օգտագործելով։
Իրավապահներն իրենց հերթին արցունքաբեր գազ եւ ձայնային նռնակներ են կիրառել։
Ցույցերի ընթացքում վնասվածքներ ստացած ոստիկանների և ժանդարմների թիվը հասել է 149-ի:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով ՝ մարտի 23-ին ավելի քան 1 մլն մարդ է ամբողջ երկրում մասնակցել ցույցերին ու բողոքի ակցիաներին, իսկ «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիությունը հայտնել է 3,5 միլիոն մասնակիցների մասին:
Փարիզում, ոստիկանության տվյալներով, բողոքի ցույցի է դուրս եկել 119 հազար մարդ, իսկ արհմիությունը հաշվել է 800 հազար մասնակից:
Արհմիությունները նոր համընդհանուր բողոքի ակցիայի օր են հայտարարել մարտի 28-ը:
Անցած շաբաթ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը օգտվելով Սահմանադրության 49.3-րդ հոդվածից՝ առանց խորհրդարանում քվեարկության անց է կացրել կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան դարձնելու մասին օրինագիծը: Ավելի վաղ այս նախագիծը բողոքի ուժեղ ալիք էր բարձրացրել Ֆրանսիայում։
Բնակչության դժգոհությունը սրվել է նաև մարտի 22-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հարցազրույցից հետո, որում նա հանդես է եկել ի պաշտպանություն նոր օրենքի և ափսոսանք է հայտնել, որ իշխանությունները չեն կարողացել ավելի լավ բացատրել ֆրանսիացիներին դրա անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Մակրոնը պաշտպանել էր կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրինագծի համար 49.3-րդ հոդվածի օգտագործումը եւ հայտարարել, որ «ամբոխը» լեգիտիմություն չունի ՝ ի տարբերություն այն քաղաքացիների, որոնք իրենց դիրքորոշումն արտահայտում են իրենց ընտրած պատգամավորների միջոցով:
Հավելենք, որ համընդհանուր բողոքի ակցիաներին մասնակցում են նաեւ հազարավոր ուսանողներ։