ԳլխավորԼուր

Ի՞նչ են անելու աշակերտը, ծնողն ու ուսուցիչը՝ առանց գնահատականի

Առաջին դասարան

Առաջինից մինչեւ 5-րդ դասարան աշակերտներին թվանշաններով չգնահատելու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունը բավական հուզական արձագանք ստացավ հասարկության տարբեր շերտերում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ գնահատման (տվյալ դեպքում՝ չգնահատման-խմբ.) նոր կարգը փորձնական կսկսվի կիրառվել արդեն 2021-ի սեպտեմբերից, իսկ լրամշակվելուց հետո ուժի մեջ կմտնի 2023 թվականից։

Usanogh.am-ը թեմայի շուրջ զրուցել է ծնողների, աշակերտների, ուսուցիչների ու հոգեբանի հետ։

Մեր զրուցակիցների մեծ մասը կողմ է արտահայտվել որոշմանը նշելով, որ այն դրական խթան կհանդիսանա սովորելու, գիտելիքներ ձեռք բերելու համար, երեխային չի ընկճի ու սթրեսի չի ենթարկի, համեմատության մեջ չի դնի նրան այլ երեխաների հետ։

Վերջին տեղում չէր նաեւ կարծիքը, որ դրանով կնվազեն կոռուպցիոն ռիսկերը կրթօջախներում։ Դե իսկ կոռուպցիայի ուղղակի կամ անուղղակ օրինակներ, որքան էլ ասենք, թե չկան, բազմաթիվ են։ Թեկուզ՝ լրացուցիչ պարապմունքի անվան տակ, եթե, իհարկե, այն վճարովի հիմունքներով է։

Դեմ արտահայտվող ծնողների կարծիքով՝ երեխան չի ունենա սովորելու մոտիվացիա, արդյունքներ չի ունենա, հետեւաբար՝ չի ձգտի դրանք ավելի լավը դարձնել, ծնողները չեն կարողանա տեղեկանալ իրենց երեխայի առաջադիմության կամ ոչ առաջադիմության մասին։

Նորավարտ երիտասարդներից մի քանիսի կարծիքով՝ գնահատականը որոշիչ դեր ունի փոքրիկների համար, իսկ բարձր դասարանցիներին այն այնքան էլ չի հետաքրքրում։

«Օհանյան» կրթահամալիրի ուսուցչուհի Ժենյա Վարդազարյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Միանշանակ դեմ եմ թվանշանային գնահատմանը։ Երեխաները և ծնողները պատրաստ չեն լինում դրան։ Այն ունենում է երկակի ազդեցություն. բարձրանում է սերը դեպի ուսումը, բայց և «կոտրում է» այն երեխաներին, ովքեր ցանկանում են բարձր գնահատական ստանալ, բայց չեն կարողանում։ Միանշանակ ճիշտ է թվանշան չդնելը»։

Նա հավելեց, որ ուսուցիչը կարող է գնահատականի փոխարեն պարզապես գովեստի խոսքեր ասել կամ «աստղիկներով» ու «ժպիտիկով» արտահայտել ուսուցչի վերաբերմունքը երեխայի առաջադիմության նկատմամբ։ Հատկապես՝ առաջինից երրորդ դասարաններում։

Հոգեբան Հրաչյա Ամիրյանի կարծիքով՝ հանուն գնահատականի սովորելը երեխայի համար դառնում է տհաճ, մոտիվացիան կորչում է։ Նրա կարծիքով՝ ճանաչողական պահանջմունք կա բոլոր երեխաների մոտ, սակայն, հարկադրանքի պատճառով այն անհետանում է։ «Տարածված երևույթ կա. երեխան արթնանում և հայտարարում է, որ չի ցանկանում դպրոց գնալ։ Հանկարծակի հիվանդանում է։ Պատճառն այն է, որ այդ օրը ստուգողական աշխատանք է լինելու։ Երեխան այնքան է վախենում ցածր գնահատական ստանալ և հիասթափեցնել ծնողին, որ ցանկացած գնով փորձում է խուսափել այդ տանջալի փորձությունից։ Քանի որ դրանից խուսափել հնարավոր չէ՝ արդյունքում նրա մոտ ձևավորվում է դպրոցական նևրոզ»։
Հոգեբանը այն հարցին, թե ի՞նչ գործոններով է պայմանավորված ծնողների ընդդիմանալը ընդունված որոշմանը, նշեց, որ ծնողները սովոր են գնահատման հին մոդելին և չունեն երեխաների վրա ազդելու այլ եղանակներ։ Բարձր դասարաններում ոչ առողջ բարքերի պատճառով ուսուցիչը հաճախ չունի հեղինակություն, և գնահատականը նրա միակ «հաղթաթուղթն» է։ Ուսուցիչներից ոմանք նաև ցածր գնահատական են նշանակում, որպեսզի աշակերտը իրենց մոտ լրացուցիչ պարապի։

Հարցին, թե ինչպես մոտիվացնեն երեխաներին, Հրաչյա Ամիրյանը պատասխանեց.

— Ծնողները չեն պատկերացնում սովորելու կարևորությունը, միայն գնահատականով են դատում։ Մոտիվացնելու այլ եղանակ չգիտեն։ Աշակերտին մոտիվացնելու համար ծնողն ու ուսուցիչը պետք է հստակ բացատրեն սովորելու կարևորությունը և դասերն ավելի գրավիչ դարձնեն։

Պատմաբան, ուսուցիչ Դավիթ Ֆիդանյանը դրական է գնահատում ԿԳՄՍՆ նոր որոշումը.

— Հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է պետության ակնկալիքը և պահանջը դպրոցից` հանրակրթական բոլոր աստիճանների սովորողներից և շրջանավարտներից: Ըստ այդմ` կատարված ամենակարևոր փոփոխությունը հայեցակարգային է, քանի որ նոր չափորոշիչը հիմնվում է սովորողի հմտությունների, կարողունակությունների վրա: Հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը և արժեքային համակարգը։

Դասարան

Առաջնային դրույթներից է անհատական բաղադրիչը, որը աշակերտի կարիքներից բխող ուսումնական ծրագիր ձևավորելու և դրա հիմքով ավագ դպրոցի բարեփոխման հնարավորություն է տալիս։

Դավիթը կարծում է, որ նոր կարգը աշակերտակենտրոն է և թույլ կտա անհատապես աշխատել աշակերտի հետ։

ԿԳՄՍՆ նորամուծությանը դեմ արտահայտվող ուսուցիչներից մեկը նշեց.

«Գնահատականը երեխային մոտիվացնում է և ազդակ է ծնողին, որ, օրինակ՝ երեխան թուլացել է այս կամ այն առարկայից։ Այդ տարիքում նրան հետաքրքրում և ուրախացնում է գնահատականը։ Փոխարենը կարելի է համակարգն այնպես դարձնել, որ գնահատականը արտացոլի երեխայի գիտելիքը։ Նրանց մի մասը եթե չգնահատվեն թվանշանով, ապա վստահ եմ, որ չեն սովորի»։

Աշակերտների ծնողներից մեկը՝ Մնացականը, կարծում է, որ գնահատականը «խեղճացնում է» երեխային, ստիպում է դաս սովորել միայն նրա համար, որ ցածր գնահատական չստանա։ Հաճախ երեխային համեմատում են դասընկերների հետ, ինչն էլ հանգեցնում է նրան, որ երեխան չի ցանկանում սովորել։

Մեկ այլ ծնող՝ Լուսինեն, ուրախ է, որ երեխաներն այլևս սթրեսի չեն ենթարկվի, լարվածություն չի լինի նաև ծնողների մոտ։
«Երեխայիս դպրոցում մինչև 6-րդ դասարանը չեն գնահատի, և դա լավ է»։

Գոհարի կարծիքով էլ փոփոխությունը ճիշտ է և կարելի է այն կիրառել նաև բարձր դասարաններում, առարկաների ընտրությունն էլ թողնել աշակերտին։

Ի դեպ. Ֆինլանդիայում, որը կրթական լավագույն համակարգ ունեցող երկրների շարքում է, երեխաները դպրոց են գնում 7 տարեկանից ու մինչեւ 12 տարեկանը (6-րդ դասարան), չեն գնահատվում։ Ուսուցիչները համարում են, որ ցանկացած գնահատական այդ տարիքում խոչընդոտ է հանդիսանում աշակերտի կրթական ձեռքբերումների ճանապարհին։ Փոխարենը ծնողները տարեկան 2 անգամ հաշվետվություն են ստանում իրենց երեխաների առաջադիմության մասին։

Առաջին գնահատականները, ինչպես նշեցինք, հայտնվում են 6-րդ դասարանում՝ 4-ից 10 միավոր։

Ամենացածր միավոր դրվում է առարկայի լիակատար չիմացության համար, ու այդ դեպքում աշակերտը պետք է նույն դասընթացը կրկին անցնի։ Պատահական չէ, որ գնահատման սանդղակը սկսվում է 4-ից. ֆինները համարում են, որ չի կարելի երեխային ցածրացնել՝ նրան 0 նշանակելով։

ՄԱՐՏԻՆԱ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ

Comment here