«Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Թատրոնի բեմադրիչ Սարգիս Արզումանյանի խոսքով` բանն այն է, որ «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին երեկ` դեկտեմբերի 25–ին, հեռացրել են պաշտոնից և ժամեր հետո նշանակել մեկ այլ անձնավորության՝ Կարեն Սիմոնյանին, որին թատրոնում ոչ ոք չի ճանաչում։
«Մենք չգիտենք` ով է նա, նույնիսկ դեմքով չգիտենք, միայն նրա անուն–ազգանունն է հայտնի մեզ։ ԿԳՄՍՆ–ից հայտնել են, որ Կարեն Սիմոնյանը թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ թատրոնի գոյությունը չի կասեցվել»,–ասաց նա։
Արզումանյանի խոսքով` Սարգիս Չոլոյանին հեռացնելու պատճառն այն է, որ նա հետին ամսաթվով չի ստորագրել «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու փաստաթուղթը։
Հիշեցնենք` «Գոյը» Սունդուկյանի թատրոնին միացնելու որոշման նախագիծը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարությունը։