Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան անկարգությունների ֆոնին հրաժարական է տվել և լքել երկիրը, հայտնում է «Reuters»-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շեյխ Հասինան և նրա քույրը անկարգությունների ֆոնին լքել են Դաքքայի պաշտոնական նստավայրը և ուղևորվել ավելի անվտանգ վայր:
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում և ամբողջ երկրում բողոքի ցույցեր են սկսվել իշխանությունների հետ «Չհամագործակցության ակցիայի» մասին հայտարարությունից հետո։ Ակցիայի մասին օգոստոսի 4-ին հայտարարել է «Խտրականության դեմ ուսանողական շարժում» կազմակերպությունը: Հազարավոր ցուցարարներ հարձակվել են վարչապետի նստավայրի վրա, մեքենաներ հրկիզել և բախումներ սկսել ոստիկանության հետ։ Նրանք պահանջում էին, որ վարչապետը լքի իր պաշտոնը։
Ցույցերի ժամանակ ավելի քան 100 (այլ տվյալներով՝ մինչև 300-խմբ) մարդ է մահացել, այդ թվում՝ մոտ 14 ոստիկան, հարյուրավոր տուժածներ կան։
Հիշեցնենք` նախորդ տարիներին Բանգլադեշում ուսանողական բողոքի ցույցեր էին անցկացվում` կապված պետական ծառայության անցնելու համար կառավարական քվոտավորման համակարգի հետ, ինչի հետևանքով բուհերի զգալի թվով շրջանավարտներ չէին կարողանում աշխատանք ստանալ։
Ցույցերը 2024 թվականին նոր ուժով վերսկսվեցին, երբ նախկինում կասեցված համակարգը կրկին գործարկվեց։