ԳլխավորԼուր

Վիճաբանություն՝ Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում․ ցուցարարներին խոչընդոտե՞լ են իրազեկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 22-ին մի խումբ երիտասարդներ միացել էին բուհերի դասադուլ անող ուսանողներին՝ բուհերում իրազեկում ու դասադուլի կոչեր հնչեցնելու նպատակով, սակայն ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում ակցիայի մասնակիցները հանդիպել են խոչընդոտների։ Այս մասին Usanogh.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ակցիայի մասնակից Նաիրա Գրիգորյանը։

«ՇՊՀ-ում կոնկրետ դասախոսների կողմից կար միջամտություն՝ արգելելու, դուրս չգալու։ Գյումրու տնտեսագիտականի ռեկտորը նախապես տեղեկացվել էր՝ անվտանգության աշխատակցին հանձնարարել ոչ մեկի չթողնել ԲՈՒՀ։ Մի կերպ ոստիկանների միջնորդությամբ կարողացանք մտնել, ու ռեկտորը ստիպված իջավ հանդիպման։ ԲՈւՀ-ից մի խումբ ուսանողներ ահազանգեցին, որ կոնկրետ սարսափի մթնոլորտ է ստեղծվել բուհի ուսխորհրդի անդամների կողմից, որ ոչ մեկը չմիանա դասադուլին։ Չնայած, որ մեր իրազեկման քայլերթը բացարձակ քաղաքացիական էր, նա մեզ մեղադրեց քաղաքական արշավի մեջ՝ խոսքում նշելով, որ դուք ոչինչ չեք կարող անել ցեղասպանվող ժողովրդի համար»,- նշեց Նաիրան մեզ հետ զրույցում։

Նա Usanogh.am-ին է տրամադրել նաև տեսանյութ, որտեղ վիճում են համալսարանի տնօրենի հետ ԲՈՒՀ-ում ակցիա իրականացնելու վերաբերյալ։

Ըստ ակցիայի մասնակցի՝ միջադեպից հետո իր դեմ արշավ է սկսվել, որն ուղղորդված է մի կետից․

«Ուսխորհրդի երեխեքին ստիպել են արշավ սկսել։ Տարածում էին գրառումս նույն նկարով ու նույն բովանդակությամբ տեքստերով»,- ասաց նա։

Նշենք, որ Usanogh.am-ը կապ է հաստատել բուհի մի քանի ուսանողների հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք բուհում եղել են ճնշումների դեպքեր։

Ուսանողները միակարծիք էին այն հարցում, որ որևէ մեկն իրենց չի ճնշել կամ ուղղորդել` գնալ ցույցի, մասնակցել դասադուլին, թե ոչ։

«Մեր կուրսը դասադուլի չի մասնակցել, քանի որ մեր դասերը 3-րդ հարկում են, ներքևից աղմուկ եղել է, բայց կոնկրետ դասադուլի հետ կապ ուներ, թե ոչ, հստակ չեմ կարող ասել։ Նման պարագաներում ուսանողները ազատ են, այսինքն եթե ցանկություն ունեն, կարող են դուրս գալ ու միանալ հարկ եղած դեպքում»,- նշեց ուսանողներից մեկը։

Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Նարե Ղազարյանը մեզ հետ զրույցում ևս հերքեց տեղեկությունները, որ ԲՈՒՀ-ում ճնշումներ են եղել։
«Գիտեք, մեր համալսարանում բոլոր ուսանողները գիտակից են և ազատ։ Իրենք անգամ տեղյակ չեն եղել, որ համալսարանում ցույցեր են լինելու, և տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ տեսել են քիչ-քիչ հավաքվող խմբերի, ովքեր, երջանիկ դեմքով և կատակներ անելով, պատրաստվում էին մուտք գործել համալսարան։ Իրականում ուզում եմ ևս մեկ անգամ հավաստել, որ ոչ մեկը չի նախապես հայտարարել դասադուլին դուրս գալ, չգալու մասին, ուղղակի ուսանողները չեն արձագանքել բղավոցներին՝ նախընտրելով շարունակել դասապրոցեսը»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ ԲՈՒՀ-ից ուսանողուհի եղել է, որ միացել է դասադուլին։
Մենք կապ հաստատեցինք Սյուզաննա Համբարձումյանի հետ, ով միացել է ակցիայի մասնակիցներին ու դուրս եկել լսարանից։
«Ոչ, իհարկե։ Ճնշումներ չեն եղել։ Ես ցանկացել եմ, ասեմ ավելին` մասնակցել եմ։ Եթե Ժողում որևէ արգելք դրվեր, հաստատ ես ևս չէի կարողանա մասնակցել ցույցին, և հետո վիդեոներ կան, որտեղ պարզ երևում է, որ ցուցարարները ամբողջ Ժողով մեկ շրջել են և ուսանողներին հորդորել են իրենց միանալ։ Եթե դռները փակ լինեին, նրանք ևս չէին կարողանա մուտք գործել, կարծում եմ` տրամաբանական կապը շատ պարզ է։ Ես դռնից եմ դուրս եկել (տեղեկացնում եմ, որ այլընտրանքային տարբերակներ առաջ չքաշվեն), այսքանը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ակցիայի մասնակցի նկատմամբ արշավ սկսելուն, Նարե Ղազարյանը նշեց, որ սկսել է ուսանողական խորհուրդը՝ իր  գլխավորությամբ․

«Դա մենք որակում ենք որպես ուսանողների շահերի ոտնահարում և ուսանողի փոխարեն սխալ ինֆոյի տարածում։ Այդ կերպ փորձում ենք բոլորին ցույց տալ իրականությունը»

Հայաստանի պետական տննտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ նույն թվականի հուլիսին։

Կարեն Պետրոսյանը տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։ Նա ավարտել է հենց այս բուհը և դասախոսել այնտեղ։

Պետրոսյանը նաև Գյումրիում մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ «Մեկ բացիկ, մեկ բնակարան» նախաձեռնության համահեղինակներից է:

«Էլեկտրիկ-Երևան» շարժման և «թավշյա հեղափոխության» օրերին նա ղեկավարում էր Շիրակի մարզում անցկացվող ակցիաները, այնուհետև «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» նախաձեռնության անդամներից էր, պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն է նշանակվել 2021 թվականի մայիսի 31-ին։

Հետաքրքրական է, որ 2018-ի «Թավշյա հեղափոխության» օրերին հենց ինքը, որպես ակցիայի մասնակից, մտել է այս նույն ԲՈՒՀ ու անհնազանդության ակցիաներին միանալու կոչեր հնչեցրել։ Այն ժամանակ, փաստորեն, նրա համար ընդունելի է եղել ԲՈՒՀ-ում դասադուլի կոչեր հնչեցնելը, այժմ համարվում է օրենքի խախտում։

Usanogh.am-ը դիմեց հենց իրեն՝ համալսարանի տնօրենին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը պարզապես տեղեկացրել է ցուցարարներին, որ բուհում ակցիա իրականացնելն օրենքի խախտում է։

«Ակցիայի մասնակիցներին տեղեկացրել ենք, որ բուհում դաս է, դասապրոցես է: Նրանք պարետին ստել են, ասել են, որ ուզում են բարձրանալ տնօրենի մոտ, մտել են ներս և սկսել են բարձրախոսով խանգարել դասը։ Մոտ 5-10 րոպե խանգարել են դասը, դասապրոցեսը, բայց իրենց ակցիային որևէ մեկը չի մասնակցել, չի մոտեցել, և հետաքրքրություն չի դրսևորել։ Աղմուկից ես դուրս եմ եկել, տեսել եմ աստիճանների վրա ակցիայի մասնակիցներ և ոստիկաններ, և ես ընդամենը խնդրել եմ մարդկանց չխանգարել դասապրոցեսը և դուրս գալ շենքից, որովհետեւ բուհը ինքը դասապրոցեսի համար նախատեսված տարածք է, և դասապրոցեսը խոչընդոտելը կամ խանգարելը դա ուղիղ ԲՈՒՀ-ի գործառույթի խաթարում է, որի իրավունքը, կարծում եմ, ենթադրում եմ և գիտեմ, որ ոչ մեկը չունի»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք ԲՈՒՀ-ի ղեկավարության, կամ անձնակազմի կողմից ճնշումներ եղել են ուսանողների վրա, և ճի՞շտ է, որ նրանք թույլ չեն տվել ուսանողներին միանալ դասադուլին, Պետրոսյանը բացասական պատասխան տվեց։

«Ոչ, և դարձյալ ոչ, որովհետև մեր համալսարանում դռները առավոտից բաց են եղել, որևէ վայրկյան դռները չեն փակվել, և եթե դուռը փակ լիներ՝ ակցիայի մասնակիցներն էլ չէին կարողանա գային: Մեր համալսարանից ուսանողներ եղել են, որ ակցիային մասնակցել են, հրապարակում ինչ-որ միջոցառում է եղել, և մեզ տեղեկացրել են, որ էնտեղ ուսանողներ էլ են եղել, բայց դա ուսանողի մոտեցումն է, ինքը ոնց կուզենա, իսկ բուհում որևէ մեկը, կրկնում եմ՝ որևէ մեկը իրավունք չունի ուսանողի ազատ տեղաշարժը խոչընդոտել։ Մենք բազում տարիներ այդ երևույթի դեմ ենք պայքարել, եղել ենք շատ ավելի լուրջ և շատ ավելի հետևողական, քան էսօր շատ և շատ պայքարողներ այսպես ասած։ Եվ որևէ մեկը չի կարող խոչընդոտել ուսանողի ազատ տեղաշարժը։ Ուսանողն էլ պարտավոր է բուհի կանոնադրության, ներքին կանոնակարգերին ենթարկվել և  չխանգարել որևէ դասապրոցես։ Չի՞ ուզում ինքը որևէ դասի մասնակցել, ուզո՞ւմ է գնալ որևէ քաղաքական կամ քաղաքացիական ակցիայի՝ ինքը ազատ է դա անելու»,- նշեց Պետրոսյանը։

Հարց ուղղեցինք՝ ինքը 2018-ին այդ նույն բուհում ակցիա է իրականացրել, արդյո՞ք օրենք է խախտել, թե իր մոտեցումներում փոփոխություն կա, նա պատասխանեց․

«Իհարկե ոչ, չի փոխվել, որովհետև այն ժամանակի բռնաճնշումներ, ազդեցությունները, անօրինական ազդեցությունները.․․ սովորական երևույթ էին, կոռուպցիոն ռիսկեր և այլն։ Մեր գործողությունը այդ ժամանակով պայմանավորված էր, և մենք պայքարում էինք բոլոր այդ ապօրինի երևույթների դեմ, իսկ դրան հակազդելու միակ միջոցը, մեր, այսպես ասած, դիմադրությունն էր, դա մեր անձնական ընտրությունն էր այդ երևույթներին, հիմա նման որևէ իրադարձություն չկա, ԲՈՒՀ-ը լրիվ իր բնականոն գործունեության մեջ է, որևէ մեկի իրավունքն այնտեղ չի ոտնահարվում, և այդ քաղաքացիական անհնազանդությունը որևէ տեղ չունի այս պահին, որովհետև ազատության մեջ ազատության համար չեն պայքարում։ Իսկ մենք այն ժամանակ պայքարում էինք անազատության դեմ»։

Ճշտող հարցին՝ այսինքն այն ժամանակ նույն գործողությունը նույն բուհում կատարելն օրենքի խախտում չէր, այժմ խախտում է, Պետրոսյանը ոչ ուղիղ պատասխան տվեց․

«Ոչ, ես Ձեզ  նորից  եմ  ասում՝ այն ժամանակ մենք քաղաքացիական անհնազանդություն էինք անում այն իրավիճակի դեմ, որ ստեղծված էր, որովհետև ուսանողներին ստիպողաբար տանում էին տարբեր քաղաքական, քաղաքացիական միջոցառումների, չէին թողնում  մասնակցությունը, եթե դու մասնակցում էիր նման որևէ միջոցառման, քեզ նկատողություն էին տալիս, սպառնում էին, տարբեր ապօրինի միջոցներով քո վրա ազդում էին, հիմա դա չկա, հիմա քաղաքացիական անհնազանդություն հասկացություն չկա, մեր բոլոր ուսանողները, ես ձեզ վստահեցնում եմ, շատ լավ իրազեկված են միջոցառումների մասին»։

ՀՀ որևէ օրենք չի արգելում ուսանողին մտնել ԲՈՒՀ և ցույցին միանալու և դասադուլ անելու կոչեր հնչեցնել։ Այս մասին Usanogh.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Վահե Գրիգորյանը։

Հարցին, թե արդյո՞ք իրավական տեսանկյունից կա տարբերություն 2018 թվականին բուհեր մտնելու ու կոչեր հնչեցնելու ու այժմյան իրավիճակի միջև, իրավաբանը պատասխանեց․

«Հավաքը հավաք է օրենքի տեսանկյունից, բայց այժմ հատկապես հատուկ իրավիճակ է, երբ մարդիկ իրենց Հայրենիքի համար պայքարի են ելել»:

ԱՆԺԵԼԱ ՊՈՂՈՍՅԱՆ